00:00:00

Թագուհի Թովմասյանը Սահմանադրության նախագծում միջազգային չափանիշներին անհամապատասխան մի շարք դրույթներ է մատնանշել

18:26, 23 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

«Խոսքի ուժը» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը մտահոգություն է հայտնել նոր Սահմանադրության նախագծում դատական համակարգին վերաբերող մի շարք դրույթների վերաբերյալ՝ դրանք դիտարկելով միջազգային ժողովրդավարական չափանիշների համատեքստում։

Նրա գնահատմամբ՝ եվրոպական ուղղություն որդեգրած Հայաստանի համար ժողովրդավարական չափանիշներին համապատասխանությունը ենթադրում է ոչ միայն արտաքին քաղաքական հայտարարություններ, այլև իշխանության իրական սահմանափակում, անկախ դատական համակարգ, մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանություն, ընդդիմության ինստիտուցիոնալ երաշխիքներ և պետական կառավարման թափանցիկություն։

Թովմասյանի խոսքով՝ դատական համակարգի անկախությունը դատավորների մասնագիտական արտոնություն չէ, այլ մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար երաշխիք։ Անկախ դատարանն է ապահովում, որ քաղաքացիների իրավունքների և ազատությունների վերաբերյալ որոշումները կայացվեն օրենքի հիման վրա՝ զերծ քաղաքական, վարչական կամ այլ արտաքին ազդեցություններից։

Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին՝ իրավապաշտպանը մի շարք դրույթներ է առանձնացրել, որոնք, իր գնահատմամբ, կարող են հակասություններ առաջացնել միջազգային փաստաթղթերով ամրագրված չափանիշների հետ։

Մասնավորապես՝

  1. Գործող դատավորներին ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ տալը։ Նախագծի 85-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումը, ըստ Թովմասյանի, վտանգում է դատավորների անփոփոխելիության և պաշտոնավարման անվտանգության սկզբունքները։ Նա այն խնդրահարույց է համարում ՄԱԿ-ի՝ Դատական իշխանության անկախության հիմնարար սկզբունքների 11-12-րդ կետերի տեսանկյունից։

  2. Դատավորների համատարած վերագնահատումը։ Այս գործընթացը կարող է դատավորների հետագա պաշտոնավարումը կախված դարձնել գնահատող հանձնաժողովի եզրակացությունից։ Ըստ նրա՝ դա մտահոգիչ է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների 17-18-րդ կետերի համատեքստում։

  3. Վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունը դատարանում անմիջականորեն վիճարկելու հնարավորության բացակայությունը։ Թովմասյանի գնահատմամբ՝ այս կարգավորումը կարող է սահմանափակել արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքը և խնդրահարույց է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի ու ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների 20-րդ կետի տեսանկյունից։

  4. Բարձրագույն դատական խորհրդի բոլոր անդամների ընտրությունը Ազգային ժողովի կողմից։ Իրավապաշտպանը կարծում է, որ այս մոտեցումը կարող է թուլացնել դատական իշխանության ինքնակառավարման երաշխիքները և մեծացնել քաղաքական ազդեցության վտանգը։ Նա հղում է անում Եվրոպայի խորհրդի CM/Rec(2010)12 հանձնարարականի 27-րդ կետին։

  5. ԲԴԽ-ի կողմից դատական և կարգապահական գործառույթների համատեղումը։ Ըստ Թովմասյանի՝ նման կառուցվածքը կարող է առաջացնել անկախության, անաչառության և շահերի բախման ռիսկեր՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների տեսանկյունից։

  6. Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումը՝ առանց բավարար սահմանադրական երաշխիքների։ Նրա գնահատմամբ՝ իրավական անորոշություններ կարող են առաջանալ երդվյալ ատենակալների ընտրության, անկախության և անաչառության հարցերում։ Թովմասյանը մտահոգություն է հայտնել նաև հնարավոր քաղաքական ազդեցության վերաբերյալ՝ ընդգծելով ՄԻԵԿ 6-րդ հոդվածի պահանջների պահպանման անհրաժեշտությունը։

  7. Վճռաբեկ դատարանի դատավորների նշանակման քաղաքական բաղադրիչը։ Խորհրդարանական ընտրության հայեցողությունը, ըստ իրավապաշտպանի, կարող է հանգեցնել դատական նշանակումների քաղաքականացման վտանգի։ Նա այս հարցը դիտարկում է ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքների 10-րդ և 13-րդ կետերի համատեքստում։

  8. Դատական անկախության հռչակման և անցումային դրույթների միջև հակասությունը։ Թովմասյանը մատնանշում է նախագծի 60-րդ և 85-րդ հոդվածների միջև առկա, իր գնահատմամբ, անհամապատասխանությունը։ Առաջինով հռչակվում է դատավորների անկախությունը, մինչդեռ երկրորդով նրանց հետագա պաշտոնավարումը պայմանավորվում է վերագնահատմամբ։

Թագուհի Թովմասյանի համոզմամբ՝ նշված փոփոխությունները կարող են թուլացնել անկախ և անաչառ դատարանի իրավունքի, արդար դատաքննության, արդյունավետ դատական պաշտպանության և իրավական որոշակիության երաշխիքները։

«Ամենամեծ վտանգն այն է, որ դատավորը կարող է իրեն զգալ ոչ թե օրենքին և Սահմանադրությանը, այլ իր հետագա պաշտոնավարումը որոշող համակարգին հաշվետու։ Իսկ երբ թուլանում է դատավորի անկախությունը, վտանգվում է նաև քաղաքացու պաշտպանվածությունը պետության կամայականություններից»,- ընդգծել է իրավապաշտպանը։

Այս մասին Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր