00:00:00

«Թալիբանն» առաջ է անցել ԻՊ-ից զոհերի թվով

02:18, 21 նոյեմբեր 2019 Աշխարհ

Աշխարհում ահաբեկչության զոհերի թիվը անցած տարի նվազել է 15,2 տոկոսով 2017-ի համեմատ՝ կազմելով 16 հազար մարդ, բայց երկրների թիվը, որտեղ ահաբեկիչները կատարում են իրենց հարձակումները, ավելացել է։ Այս մասին ասվում է «Ահաբեկչության գլոբալ ինդեքսը» զեկույցում, որը չորեքշաբթի Լոնդոնում ներկայացրել է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտը (The Institute for Economics and Peace), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ Զեկույցի հեղինակները նշում են, որ ահաբեկիչների ձեռքից զոհված մարդկանց թիվը նվազում է չորրորդ տարին անընդմեջ։ Հիմնական պատճառներն են ջախջախիչ հարվածը, որը հասցվեց «Իսլամական պետության» ահաբեկիչներին Սիրիայում եւ Իրաքում, ինչպես նաեւ ամերիկյան ՌՕՈւ հարվածները Սոմալիում «Աշ Շաբաբ» արմատական խմբավորման  դիրքերին։ Այս ֆոնին 98 երկիր աշխարհում բարելավել է դիրքերը ներկայացված վարկանիշում, իսկ 40 երկիր՝ վատթարացրել։ Ինչպես նշվում է 100 էջանոց հետազոտությունում, «Թալիբան» արմատական շարժումը 2018-ին առաջ է անցել ԻՊ-ից ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում, որոնք սպանել են ամենամեծ թվով մարդկանց աշխարհում։ «Թալիբանի» ահաբեկիչները 2018-ին աշխարհում սպանել են 6,1 հազար մարդ։ Դա 71 տոկոսով ավելին է, քան մեկ տարի առաջ, եւ կազմում է աշխարհում ահաբեկիչների զոհերի ընդհանուր թվի 38 տոկոսը։ Միաժամանակ, ԻՊ մոլեռանդների զոհերի թիվը մեկ տարում նվազել է 70 տոկոսով՝ կազմելով 1,3 հազար մարդ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր