00:00:00

Իրավապահներն իմ հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական գործողություն․ գործարարի բաց նամակը՝ վարչապետին

17:40, 19 նոյեմբեր 2019 Տնտեսություն

«ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր-սեփականատեր Սիմոն Պողոսյանը բաց նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ՝ Մեծարգո պարոն Վարչապետ Արդեն 20 տարի է,ինչ բիզնես գործունեություն եմ իրականացնում Մայր Հայրենիքում. 1999թ. ստեղծելով «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը՝առաջիններից մեկը տասնյակ միլիոնավոր դոլարներ ներդնելով հայրենական տնտեսության մեջ,քանզի որպես հայ մարդ համարում եմ, որ Հայաստանը աշխարհի բոլոր հայերի հայրենիքն է, և յուրաքանչյուրս ունենք պարտքի ու պատասխանատվության մեր բաժինը նրա ճակատագրի հանդեպ, ինչը ազդեցիկ նախապայման է հանդիսացել ընկերությունը մայր հայրենիքում հիմնադրելուն:Անկեղծանալով նշեմ,որ իմ արտերկրյա բազմաթիվ հայ և այլազգի գործընկերներ, լավատեղյակ լինելով ընտրության այն լայն հնարավորությանը, որն ունեինք այդ շրջանում՝ կապված առավել կայուն և անվտանգ երկիր ընտրելու բազմաթիվ առաջարկ-տարբերակների հետ, իրենց տարակուսանքն էին հայտնում իմ կայացրած որոշմանը: Ինչևէ, այս ընթացքում մեր ընկերությունը վերածվել է ՀՀ խոշոր հարկատուներից մեկի, որը տարեկան միլիոնավոր դոլարների կայուն մուտքեր է ապահովում պետական բյուջե՝իր համեստ մասնակցությունը բերելով մեր երկրի շենացմանն ու հզորացմանը: Այդ իրողությունն ինձ համար կարևոր է,բայց ոչ գլխավորը: Իսկ գլխավոր նպատակը եղել և մնում է համաշխարհային ճանաչում ունեցող բրենդների ստեղծումը, որոնց առկայությամբ միայն մենք կկարողանանք դիմագրավել մեր հարևանների կողմից պարտադրված տնտեսական մրցակցությանը: Հայաստանյան մեկ-երկու վերազգային կորպորացիայի առկայությունն արդեն իսկ բավական կլինի թելադրողի դիրք գրավելու մեր մրցակից հարևանների հանդեպ՝ իրենց ունեցած ահռելի բնական պաշարներով հանդերձ : Մեր ընկերության երկարաժամկետ հեռանկարի այդ նպատակի իրականացմանն են ուղղված բոլոր մեր քայլերը առ այսօր, և արդեն իսկ բավական տպավորիչ արդյունքներ ունենք գրանցած՝ Ճապոնիայից մինչև Եվրոպա, Ռուսաստանից մինչև Մերձավոր Արևելք 22 երկներներում ունենալով վստահելի գործընկերներ և կայուն արտահանում իրականացնելով: Միջազգային շուկայում ունենալով մրցակցային մի շարք առավելություններ, ակտիվ աշխատանքներ ենք տանում արտահանման աշխարհագրությունը ընդլայնելու համար: Կատարվում են անհրաժեշտ ներդրումներ՝ ուղղված ժամանակակից սարքավորումների ներմուծմանը, նորարարական տեխնոլոգիաների մշակմանն և արտադրական հզորություների մեծացմանը: Իմ հայաստանյան գործունեության ամբողջ ընթացքում երբևէ չեմ ունեցել հատուկ վերաբերմունքի արժանանալու նկրտումներ պետության, օրվա իշխանության կողմից՝ խստիվ գործելով օրենքի և օրինականության շրջանակներում,երբևէ չեմ փնտրել հովանավորներ իշխանական բարձրագույն օղակում,նաև կտրուկ հակադարձելով նույն այդ օղակից հովանավորվելու ցանկացած ակնարկի: Բնույթով լինելով ազգային և պետական մտածողության արժեհամակարգի կրող և ելնելով իմ կարգավիճակից երբևէ չեմ հարել քաղաքական որևէ հոսանքի,ընդգրկված չեմ եղել քաղաքական որևէ գործընթացի մեջ,երբևէ չեմ հայտնել հրապարակային կարծիք որևէ քաղաքական իրավիճակի վերաբերյալ, բացառությամբ այն մեկ-երկու դեպքերի,երբ խոսքը վերաբերվել է համաժողովրդական և համազգային օրակարգային հարցերին՝ այն անդրդվելի համոզմամբ, որ իշխանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեն: Աշխատել եմ բարձրաձայնելուց առավելագույնս զերծ պահել սոցիալական այն օժանդակությունները, որոնք ցուցաբերվել են իմ անձնական միջոցների հաշվին և իմ կամովին հանձնառությամբ: Արարողակարգային քաղաքակիրթ հարգանքով եմ վերաբերվել Հայաստանի բոլոր նախագահներին և վարչապետերին, ում հետ առիթ եմ ունեցել անձնապես շփվելու և որևէ մեկի գաղափարակիցն ու աջակիցն համարվելու ցանկություն և կարիք երբևէ չեմ ունեցել : Նմանօրինակ մղում չունեմ նաև այժմ,երբ երկրի ղեկին Դուք եք կանգնած, և իմ այս հրապարակային խոսքը ոչ խնդրանք է, ոչ պահանջ և ոչ էլ, քավ լիցի, Ձեր և Ձեր իշխանության քաղաքական գնահատական : Ընդամենը ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ,որ վերջին մեկ տարվա ընթացքում հայրենի իրավապահներն իմ հանդեպ արդեն երկրորդ անգամ իրականացնում են կամայական, որևէ հոդաբաշխ հիմնավորումից զուրկ գործողություններ,որոնք տեղիք են տալիս խորը մտահոգության…մեղմ ասած : Դրան գումարած նաև մեր ընկերության գործունեության մասին «Սուր անկյուն» կոչվող հաղորդաշարարի կողմից տարածված բացահայտ շինծու, ընդհուպ Ամուլսարի հետ համեմատության եզր տարվող,մեր ընկերության հեղինակազրկմանն ուղղված տեղեկատվության տարածումը ավելի ամբողջական են դարձնում մեր մտահոգության դրդապատճառը : Տեղեկացնեմ Ձեզ նաև, որ մեր միջազգային բիզնես կապերը օրինաչափորեն ենթադրում են գործնական փոխայցելություններ,որոնցով հագեցած է մեր ընկերության օրակարգը, և տարվա ընթացքում բավականին հաճախ ունենում ենք հյուրեր տարբեր երկրներից,որոնք, ի միջի այլոց, սովորաբար լինում են իրենց երկրների բարձրագույն ղեկավարության հետ սերտ հարաբերություններ ունեցող անձինք : Պատկերացրեք այդ մարդկանց զարմանքը,տարակուսանքն ու նաև մեր երկրի մասին ձևավորվելիք կարծիքը,երբ իրավապահները Սևանի մայրուղու վրա, առանց որևէ խախտում արձանագրելու,իրենց բառերով ասած «ենթադրյալ կասկածանքով» իմ անձնական օգտագործման ավտոմեքենայից իջեցնում են ինձ և իմ հյուրերին, և մեքենան տանում են տուգանային հրապարակ իրենց կասկածները փարատելու,երբ նույն այդ կասկածները կարող էին փարատել բազմաթիվ այլ, քաղաքակիրթ ձևերով: Կամ երբ իմանում են իմ բնակելի տան տարածքում իրականացված ոստիկանական անհանդուրժելի գործողությունների մասին : Հետևությունները թողնում եմ Ձեզ : Պարոն Վարչապետ, իսկ այս մասին ցանկացա Ձեզ տեղեկացնել, այն պարզ պատճառով, որ հակված եմ կարծելու,թե իշխանական որոշ օղակներ, օգտագործելով Ձեր զբաղվածության ծանրաբեռնված գրաֆիկի հանգամանքը, «արջի ծառայություններ» մատուցելու հիվանդագին մղումով են տարված, կամ էլ ավելի վտանգավոր է,զբաղված են պետական իշխանություն – բիզնես փոխհարաբերությունների միտումնավոր վատթարացմամբ, որը միանշանակորեն հղի է հայաստանյան գործարար միջավայրի իմիջի,հետևաբար նաև Հայաստանի տնտեսության թուլացման վնասակար հետևանքներով : Իսկ հրապարակավ դիմելուս պատճառը ոչ միայն իրավիճակին Ձեր միջամտությունը հայցելն է, այլև եթե այլ գործարարներ ևս առընչվում են նմանատիպ իրավիճակների(իսկ որ կա նման խնդիր, դրանում պարզապես համոզված եմ ),ապա նրանք ևս բարձրաձայնեն այդ մասին, և խնդրին տրվի քաղաքակիրթ լուծում : Հակառակ պարագայում, որևէ խոշոր, նամանավանդ կայացած բրենդ արտադրող գործարարի համար առանձնակի մեծ դժվարություն չի ներկայացնում այլ հարմար միջավայրում գործունեություն ծավալելն ու միաժամանակ Հայրենիքում բնակվելը. սա 21-րդ դարն է, և բիզնես հնարավորություններն իսկապես անսահմանափակ են : Ինչպես ասում են, ֆինանսները լռություն են սիրում… Հայցում եմ Ձեր, որպես երկրի ղեկավարի իրապես անհրաժեշտ միջամտությունը՝ դադարեցնելու ժամանակ առ ժամանակ բիզնես ասպարեզում առաջ եկող արհեստածին «աղմուկ-աղաղակի» բռնկումները : Ամուր կամք, առողջություն և բեղմնավոր գործունեություն եմ մաղթում Ձեզ` ի բարօրություն երկրի ազգաբնակչության, ի փառս Հայաստանի Հանրապետության: Հարգանքով՝ «ՍՊՍ Սիգարոն» ընկերության հիմնադիր-սեփականատեր՝ Սիմոն Պողոսյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր