00:00:00

Գերմանիայում կալանավորել են «Իսլամական պետության» գրոհայիններից մեկի կնոջը

03:57, 17 նոյեմբեր 2019 Աշխարհ

Գերմանիայի դաշնային դատախազությունը Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում կալանավորել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման երկու կողմնակից կանանցից մեկին, որոնք արտաքսվել էին Թուրքիայից։ Ինչպես ասվում է իրավապահ գերատեսչության հայտարարությունում, որը հրապարակվել է շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, Գերմանիայում կնոջը կասկածում են օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ, տեղեկացնում է DW-ն։ Դատախազությունը կնոջը մեղադրում է այն բանում, որ 2014-ի վերջին նա անցել է Սիրիա՝ ջիհադականների վերահսկողության տակ գտնվող տարածք։ Այնտեղ, 2015-ի սկզբից ոչ ուշ, նա ամուսնացել է գրոհայիններից մեկի հետ, որի հետ միասին տեղափոխվել է Իրաքի տարածք, որտեղ ապրել է ԻՊ տրամադրած տանը։ Նրա ամուսինը կռվել է գրոհայինների շարքերում, կինը ջիհադականներից ստացել է 100 դոլար ամեն ամիս եւ ունեցել է հրազեն։ Ավելի ուշ ընտանիքը վերադարձել է Սիրիա, որտեղ 2019-ի սկզբին նրան կալանավորել են անվտանգության քրդական ուժերի ներկայացուցիչները։ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հավաստիացրել է, որ գերմանական իրավապահ մարմինները կանեն ամեն ինչ, որպեսզի Թուրքիայից արտաքսված ջիհադականների կողմնակիցները որեւէ վտանգ չներկայացնեն։ Վերադառնալով Գերմանիա՝ նրանք կստուգվեն դաշնային հակաահաբեկչական կենտրոնում։ «Կերաշխավորվի, որ այդ մարդկանցից սպառնալիք չի բխում»,- գերմանական կառավարության ղեկավարին մեջբերում է dpa գործակալությունը։ Թուրքական Hürriyet թերթի տվյալներով՝ Թուրքիան մտադիր է արտաքսել ընդհանուր առմամբ 959 մարդու, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապերի մեջ, այդ թվում եվրոպական երկրների մոտ 30 քաղաքացի։ Վերջին օրերին Գերմանիա է թռել 9 մարդ։ Բացի երկու կանանցից, որոնցից մեկը կալանավորվել է, նոյեմբերի 14-ին Բեռլին է ժամանել յոթ մարդուց բաղկացած ընտանիք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր