Ինչո՞վ կարելի է բացատրել ՀՅԴ-֊ի և ԲՀԿ֊ի ակտիվացումը։ Մեկը փողոցում է ակտիվ, մյուսը՝ խորհրդարանում։ Արդյո՞ք նոր զարգացումներ են սպասվում։
- Զարմանալի կլիներ, եթե նրանք ակտիվ չլինեին: Իրավիճակն այնպիսին է, զարգացումներն այնպիսին են, որ նրանք ավելի ակտիվ, շատ ավելի ակտիվ պետք է լինեն, քան հիմա է: Եւ կա մի հետաքրքիր հոգեբանություն կառավարող ուժի եւ աջակիցների մոտ. Նրանք շատ ցավոտ են տանում ոչ միայն ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի, այլ ցանկացած ուժի փոքր ինչ ակտիվ եւ հրապարակային գործողությունները: Փառքը նրանց մտածողությունը մթագնել է եւ մի պահ նրանք հավատացին, որ մինչեւ 2050 թվականն իրենք են կառավարելու եւ փոքր ինչ վտանգ զգալով արդեն նյարդայնանում են, խուճապի մատնվում եւ բավական տարօրինակ ձեւով արձագանքում քաղաքական ուժերի գործողություններին:
Փողոցի պայքարը հնարավո՞ր է վերաճի և հասարակական լայն ընդվզման վերածվի, եթե հաշվի առնենք, որ նոր իշխանությունների խոստացած համակարգային փոփոխությունները տեղի չեն ունենում։
- Մեր երկիրն այնքան ներուժ չունի, որ մի հերթական ցնցում էլ վերապրի: Քաղաքական ուժերը գերջանքեր պետք է գործադրեն, որ փոփոխությունը, իշխանափոխությունը լինի առանց ցնցումների, առանց համաժողովրդական ընդվզման ծայրահեղ դրսեւորումների: Կարծում եմ, որ ամենանորմալ եւ ընդունելի տարբերակը պետք է լինի արտահերթ ընտրությունների անցկացումը, որը, որքան էլ տարօրինակ հնչի՝ ձեռնտու կլինի նաեւ գործող իշխանություններին: Որքան ուշ նրանք հեռանան իշխանական աթոռներից, այնքան վատ իրենց համար: Իսկ նորմալ, քաղաքակիրթ իշխանափոխության համար անհրաժեշտ է քիչ թե շատ կայացած եւ առողջ քաղաքական ուժեր, նորմալ ընտրական օրենսգիրք՝ առանց ռեյտինգային համակարգի եւ ընտրացուցակների արմատական եւ իրական թարմացում: Հիշեցնեմ, որ իշխանությունները, նոր իշխանությունները խոստանում էին լուծել այս հարցը, բայց մատը մատին չեն խփել, ինչը կրկին բազմաթիվ հարցեր են առաջացնում: Վստահ եմ, որ հիմա քաղաքական բոլոր ուժերը, որոնք շահագրգռված են երկրի զարգացումով, քաղհասարակության ներկայացուցիչները իշխանություններից պետք է պահանջեն անհապաղ վերացնել ռեյտինգային ընտրակարգը եւ թարմացնեն ընտրացուցակները, այնտեղից հանելով տասնամյակներով Հայաստանից բացակայողներից եւ գոյություն չունեցող մյուս ընտրողներին:
Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ ամբիոնից արած վերջին հայտարարություններին։ Փաստորեն նա ասաց, որ Մելինե Դալուզյանն իր անմիջական պաշտպանության ներքո է գտնվում և հետո կրկին անգամ շեշտեց, որ ասֆալտին կպառկեցնեն նրանց, ովքեր փաստորեն հակառակ կարծիքով են հանդես գալիս։
- Կառավարության ղեկավարը փորձեց հանրությանը հասկացնել, որ սեռական փոքրամասնություններն իր պաշտպանության տակ են, բայց տվեց մի մարդու անուն, որը այդ պաշտպանության կարիքը չունի: Հայաստանից հեռացած, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված մարդուն ՀՀ վարչապետը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում չի կարող իր պաշտպանության տակ վերցնել: Նա հոլանդական իշխանությունների պաշտպանության ներքո է: Նույն հաջողությամբ Փաշինյանը կարող է հայտարարել, որ իր պաշտպանության տակ է նաեւ ֆուտբոլիստ վան Բոմելը: Իսկ ընդհանրապես, Փաշինյանի սպառնալիքներով, ատելությամբ լի հայտարարությունները պետք է առաջին հերթին մտահոգեն ՔՊ-ականներին, իմքայլականներին, որոնք պետք է հասկանան, որոնք պետք է իրենց առաջնորդին հուշեն, որ վարչապետին հարիր չէ խորհրդարան, կառավարություն ներմուծել քրեական ենթամշակույթը: Այս ամենը պղտորում է երկրի մթնոլորտը, այս ամենը ավելացնում է ատելության մթնոլորտը եւ նպաստում երկրի հետընթացին: Այս մասին պետք է մտածենք բոլորս, իսկ առաջին հերթին իմքայլականներն ու ՔՊ-ականները:
Irakanum.am