Ըստ գործակալության աղբյուրների՝ Թրամփը նոյեմբերի 1-ին հանդիպել է Պենտագոնի ներկայացուցիչների հետ, այնուհետև հաստատել պլանը, որը ենթադրում է Սիրիայի արևելյան հատվածում ԱՄՆ զինվորականների կողմից պահպանվող տարածքի ընդլայնում: Գործակալության տեղեկատվությամբ՝ խոսքը քրդական կազմավորումների կողմից վերահսկվող տարածքի զգալի հատվածի մասին է, որը գտնվում է Դեր Զոր և Հասաքե քաղաքների միջև ընկած տարածքում: ԱՄՆ զինվորականների կողմից վերահսկվող տարածքի ընդհանուր մակերեսը դեռևս հստակեցված չէ:
Գործակալությունը նշում է, որ Պենտագոնը դեռևս չի հստակեցրել Սիրիայում մնացող զինվորականների թիվը, սակայն աղբյուրների հավաստմամբ՝ նրանց թիվը 800-ից պակաս չի լինելու:
Հրապարակման մեջ նշվում է, որ ԱՄՆ-ում դեռևս միակարծիք չեն հրամանների սահմանման հետ կապված: ԱՄՆ-ն իր ռազմական ներկայությունը տվյալ տարածքում մեկնաբանում է նավթային հանքահորերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումներից պաշտպանելու անհրաժեշտությամբ: Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ՝ ինչ քայլեր կձեռնարկի ԱՄՆ-ն, եթե սիրիական կամ ռուսական զորքերը փորձեն նավթային հանքահորերի նկատմամբ վերահսկողություն սահմանել:
Հոկտեմբերի վերջին ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադրություն ունի վերահսկողություն սահմանել սիրիական Դեր Զոր նահանգի նավթային օբյեկտների նկատմամբ: