«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպանված պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ավագ քույր Ռասմիա Ավադը, որին ավելի վաղ կալանքի տակ էին առել Թուրքիայի իշխանությունները, դեռ գտնվում է միգրացիոն կենտրոնում, նրա հետագա ճակատագիրը կորոշեն իրավապահ մարմինները: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մեզ մոտ իրավագիտություն է գործում, որի համաձայն էլ կիրականացվի ընթացակարգը: Համապատասխան ծառայությունները նրան դեռ կպահեն միգրացիոն կենտրոնում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի վարչակազմի կապի վարչությունից հայտնել էին Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ ալ-Բաղդադիի ավագ քրոջ և նրա ընտանիքի անդամների ձերբակալության մասին:
Հիշեցնենք, որ ալ-Բաղդադիի սպանության մասին հոկտեմբերի 27-ին հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հաստատելով, որ ԻՊ-ի պարագլուխը սպանվել է ամերիկյան ուժերի ավիահարվածների հետևանքով:
Ավելի ուշ իսլամիստների աղբյուրը հաստատել էր առաջնորդի մահն ու հայտնել նրան հաջորդողի անունը: