Microsoft Japan ընկերությունն օգոստոսին փորձնական նպատակներով 20 տոկոսով կրճատել է աշխատանքային շաբաթը, ինչի արդյունքում բարձրացրել է աշխատանքի արդյունավետությունը: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Մեկ ամսվա ընթացքում ընկերության աշխատակիցները չորսօրյա աշխատանքային շաբաթով են աշխատել, որի ընթացքում արդյունավետությունը բարձրացել է 40 տոկոսով՝ նախորդ տարվա օգոստոս ամսվա համեմատ:
Գիտափորձի շրջանակներում ևս մեկ հանգստյան օր էր դարձել ուրբաթը: Ծրագրին մասնակցած աշխատակիցներից հարցմանը մասնակցողների 92 տոկոսը ասել է, որ գոհ է չորսօրյա գրաֆիկից։
Աշխատանքային շաբաթվա 20 %-ով կրճատման դեպքում աշխատակիցների արտադրողականությունն աճել է 39.9 %-ով: Ավելի քիչ հանդիպումներ են անցկացվել, դրա փոխարեն մեծացել է առցանց շփումների քանակը: Հանդիպումներին հատկացվող ժամանակը նույնպես կրճատվել է հասնելով 30 րոպեի: Բացի այդ, 23.1 %-ով ավելի քիչ էլեկտրաէներգիա է օգտագործվել, 58.7 %-ով ավելի քիչ էջեր են տպվել:
Microsoft Japan-ը նախատեսում է ևս մեկ փորձ անցկացնել ձմռանը: Աշխատակիցները հատուկ վճարվող հանգստյան օրեր չեն ստանա, սակայն նրանց կխրախուսեն սեփական նախաձեռնությամբ ազատ օրեր ունենալ: