«Ինչպես տեղեկացվել էր մեր կողմից, ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության էր առել ֆեյսբուքյան օգտատեր Վարդուհի Իշխանյանի 29.10.2019թ. իր ֆեյսբուքյան էջում արված գրառման վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում արված հրապարակումները, ինչպես նաև այդ գրառման կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումը»:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ շարունակելով.
«Արդյունքում այսօր ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ գրառման վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները և ներկայացված դիմումն ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»:
Հիշեցնենք, ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել էր, որ ինքը կրկին դիմել է գլխավոր դատախազին՝ նշելով, որ պատճառը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի գրառումն է եղել:
ԱԺ պատգամավորը դատախազին ուղղված դիմումի վերջում խնդրել էր նշված օգտատիրոջից վերցնել գրավոր հաղորդում եւ այն ուղարկել համապատասխան հոդվածներով ուսումնասիրության: