Delta Tankers Ltd հունական ընկերությանը պատկանող Bouboulina լցանավը, որը շարժվում էր այդ երկրի դրոշի ներքո, դարձել է Բրազիլիայի լողափերի ու տարածաշրջանային ջրերի՝ նավթով աղտոտման պատճառը: Ինչպես ուրբաթ հայտնել է Globo հեռուստաալիքը, այդ մասին վկայում են հետաքննության նախնական տվյալները, որոնք հրապարակվել են երկրի իշխանությունների կողմից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
« Կան լուրջ հիմքեր ենթադրելու, որ ո′չ սեփականատեր ընկերությունը, ո′չ կապիտանը, ո′չ անձնակազմի անդամները չեն հաղորդել կոմպետենտ մարմիններին հում նավթի արտահոսքի մասին Ատլանտյան օվկիանոսում»,-Globo-ն մեջբերում է բրազիլացի դատախազներ Սիբելե Բենեվենիդեսի եւ Վիկտոր Մարիզայի խոսքերը:
Լցանավը երեք օր շարունակ հանգրվանել էր Վենեսուելայում, որից հետո ուղեւորվել ՀԱՀ, իսկ այնուհետեւ՝ Սինգապուր: Հետաքննության արդյունքները հիմնված են արբանյակային լուսանկարների վրա, որոնք ֆիքսել են նավթային հետքերը Բրազիլիայի հյուսիս-արեւելյան լողափում: Ուսումնասիրելով այդ նյութերը՝ մասնագետները եկել են եզրահանգման, որ նավթի հոսքը տեղի է ունեցել ընթացիկ տարվա հուլիսի 28-ին կամ 29-ին Ատլանտյան օվկիանոսի միջազգային ջրերում՝ բրազիլական Պարաիբա նահանգից 700 կմ հեռավորությնա վրա:
Ուրբաթ Բրազիլիայի Դաշնային ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Lachmann Agencia Maritima եւ Witt O Brien's ընկերություններում, որոնք կապ ունեն լցանավի սեփականատիրոջ հետ: Խոսքը վերաբերում է Ռիո դե Ժամեյրոյում տեղակայված տարածքներին:
Շրջակա միջավայրի պաշտպանության բրազիլական ինստիտուտի (Ibama) տվյալներով՝ սեպտեմբերից սկսած երկրի հյուսիս-արեւելքում ավելի քան 250 լողափեր ու 12 պաշտպանվող գոտիներ աղտոտվել են նավթով: Հետեւանքները վերացնելու համար ներգրավված են 6.5 բրազիլացի զինծառայողներ, կենսաբազմազանության պաշտպանության ինստիտուտի աշխատակիցներ, Քաղաքացիական պաշտպանության ազգային վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Petrobras պետական նավթային ընկերության, տարածաշրջանային եւ տեղական ադմինիստրացիաների ներկայացուցիչներ, կամավորներ, որոնք ընդհանուր ջանքերով լողափերից հեռացրել են ավելի քան 1000 տոննա նավթ եւ դրանով աղտոտված ավազ:
Լողափերում հավաքված նավթի ուսումնասիրության արդյունքում մասնագետները եկել են եզրահանգման, որ այն ունի վենեսուելական ծագում: Բոլիվարյան Հանրապետության իշխանությունները կտրականապես հերքում են իրենց մասնակցությունը տեղի ունեցածի հետ: Անցած չորեքշաբթի Բրազիլիայի նախագահ Անտոնիու Համիլթոն Մոուրաուն հայտարարել էր, որ որպես առաջնահերթություն՝ իշխանությունները դիտարկում են լցանավից նավթը դատարկելու վարկածը: Նա հավելել է, որ կառավարությունը պատրաստվում է տուգանել արտակարգ պատահարի պատասխանատուներին: