ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացի շրջանակում լսումները կարող են մեկնարկել նոյեմբերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ես կարծում եմ, որ նոյեմբերին կկայանան հանրային լսումները»,-հայտարարել է Փելոսին Բլումբերգ գործակալության լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ:
Ընդ որում՝ խոսնակը նշել է, որ իմփեիչմենթի գործընթացի շրջանակում հետաքննությունն ավարտելու վերջնաժամկետ չկա: «Ես չգիտեմ, թե ինչպիսի ժամանակացույց կլինի…Մենք դեռեւս որոշում չենք կայացրել, թե արդյոք նախագահը կենթարկվի իմփիչմենթի»,-հավելել է նա:
Հինգշաբթի ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի մեծամասնությունը կողմ էր քվեարկել եւ ընդունել բանաձեւը, որը ենթադրում է Թրամփի իմփիչմենթի գործընթացի սկիզբը: Փաստաթուղթն ընդունելու դեմ են քվեարկել բոլոր հանրապետականները, որոնք Ներկայացուցիչների պալատում փոքրամասնություն են կազմում:
Դեմոկրատները Թրամփի իմփիչմենթի գործընթացն սկսել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա ենթադրյալ ճնշման պատճառով, վերջինս պետք է հետաքննություն սկսեր Թրամփի քաղաքական ընդդիմադրի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ։ Ինքը՝ Թրամփը, ասում է, որ ուկրաինական իշխանություններին կոչ է արել միայն պայքարել կոռուպցիայի դեմ, ինչի իրավունքն ուներ։ Բայդենի որդին աշխատում էր ուկրաինական Burisma էներգաընկերության տնօրենների խորհրդում, եւ Թրամփը տեսություն էր առաջադրել, որ Բայդեն-ավագը հասել է այն բանին, որպեսզ դադարեցվի Burisma-ի դեմ հետաքննությունը եւ աշխատանքից ազատվի Ուկրաինայի գլխավոր քարտուղար Վիկտոր Շոկինը։ Դեմոկրատները հայտարարում են, որ փաստերը չեն հաստատում այս տեսությունը, եւ Թրամփին մեղադրում են օտարերկրյա օգնությամբ քաղաքական հակառակորդից ազատվելու փորձի մեջ։