Ճապոնիայի արդարադատության նախարար Կացույուկի Կավաին սկանդալի պատճառով հինգշաբթի հրաժարական է ներկայացրել: Իր որոշման մասին լրագրողներին հայտնել է անձամբ Կավաին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես վարչապետ Սինձո Աբեին հրաժարական եմ ներկայացրել»,- նշել է նա: Կավաին ընդգծել է, որ տեղյակ չէր ընտրական օրենսդրության խախտումներին, ինչում իրեն եւ իր կնոջը մեղադրում են, եւ խոստացել է բազմակողմանի ներքին հետաքննություն կատարել իր նախընտրական շտաբում եւ կնոջ շտաբում, որը խորհրդարանի վերին պալատի պատգամավոր է:
«Բայց մինչ հետաքննություններն ընթանալու են, այս ամբողջ իրավիճակը կարող է խանգարել այնպիսի կարեւոր գերատեսչության աշխատանքին, ինչպիսին արդարադատության նախարարությունն է, ինչն անթույլատրելի է: Ես պատասխանատվություն եմ ստանձնում որպես նախարար, բայց ոչ որպես քաղաքական գործիչ»,- շեշտել է նա՝ հասկացնելով, որ չի պատրաստվում հրաժարվել խորհրդարանի ստորին պալատի պատգամավորի մանդատից:
Ճապոնիայի արդարադատության նախարարի շուրջ սկանդալը բռնկվել է այս շաբաթ, երբ շաբաթաթերթերից մեկում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ նա եւ նրա կինը, որը Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից խորհրդարանի վերին պալատի պատգամավոր է, իրենց նախընտրական քարոզարշավների ժամանակ օրենսդրությունը խախտել են իրենց շտաբի միջոցները ոչ նպատակային ծախսելու ճանապարհով: Մասնավորապես՝ հաղորդվում էր, որ նրանք մեծացրել են քարոզարշավի որոշ վարձված անձնակազմի վճարումները: Նրանց նաեւ մեղադրել են ընտրողներին մանր կաշառք տալու մեջ. հաղորդվում էր, որ իրենց տարածքների ընտրողներին նվիրել են սննդամթերքի բանջարեղենային լրակազմեր:
Սեպտեմբերի սկզբին վարչապետ Սինձո Աբեի ձեւավորած կառավարությունում սա կդառնա արդեն երկրորդ հրաժարականը: Ավելի վաղ՝ անցյալ շաբաթ, սկանդալի պատճառով իր լիազորությունները վայր էր դրել երկրի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Իսսյու Սուգավարան, որին մերկացրել էին ընտրողներին մանր կաշառք տալու մեջ: