«Բանկն ինձ վարկ է տվել մանաթով, սակայն պահանջում է դոլարով վճարեմ: Նրանք ինձնից պահանջում են 3 անգամ ավելի գումար, քան ես իրենցից վերցրել եմ: Ամբողջ գումարը, որ ես մինչ օրս վճարել եմ, կորած է»,- նշել է Գուրբանովը:
Գուրբան Գուրբանովը 2014 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի բանկերից մեկից ստացել է 13 000 մանաթ վարկ, և հենց նույն ժամանակ էլ պետության կողմից բնակարան է ստացել՝ որպես պատերազմի հաշմանդամ:
«2014 թվականին ես պարտաճանաչ վճարում էի ամսական 500 մանաթ: Հետո իմ որդին էլ, ով 11 տարի զինվորական է եղել, զորացրվեց, որովհետև ինքն էլ հաշմանդամ է: Հետագայում եկամուտների պակասի պատճառով չկարողացանք վճարել վարկը: Մեզ զանգահարեցին բանկից, տեղեկացրին, որ վարկի մարումն իրենք ընդունում են ոչ թե մանաթով, այլ դոլարով: Երբ ես վարկ էի վերցնում, 1 դոլարը կազմում էր 0,78 մանաթ, որոշ ժամանակ անց 1,05 մանաթ, դրանից հետո՝ 1,72 մանաթ: Ստացվում է, որ ես մի քանի անգամ ավելի պիտի վճարեմ, իսկ ես չեմ կարող: Բանկը հայց էր ներկայացրել դատարան, շահել էր հայցը, և հիմա պահանջում է ազատել բնակարանը»,- հավելել է Գուրբանովը:
Նրա հարևան և մարտական ընկեր Բախիշ Հուսեյնովը դիմել է բանկին, որպեսզի նրանք չխլեն «Գուրբանովի արյան գնով վաստակած բնակարանը»:
Գուրբանովը խնդրանքով դիմել է Իլհամ Ալիևին՝ տեղեկացնելով, որ իր տունը խլում են, և ինքը կարող է այդ դեպքում իր պես հաշմանդամ որդու, հաշմանդամ կնոջ և ամբողջ ընտանիքի հետ մնալ դրսում: