00:00:00

«168 ժամ». Վարչապետին սպասարկող օդանավը դեռ 5 տարի կարող է սպասարկել, բայց նա որոշել է 55 մլն դոլար տալ նորի համար

13:03, 31 հոկտեմբեր 2019 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը քննարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկելու համար նոր ինքնաթիռի գնման հարցը։ Բնականաբար՝ հարկատուներիս հաշվին։ Նիկոլ Փաշինյանին այլեւս չի բավարարում նախկին ղեկավարներին սպասարկած Airbus A319 ինքնաթիռը: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ այս օրերին վարչապետի աշխատակազմում քննարկվում է պետական միջոցներից ավելի քան 55 մլն դոլար դուրս գրել՝ վարչապետին սպասարկող նոր ինքնաթիռ գնելու համար: Ինչո՞ւ է մեկ տարի պաշտոնավարած վարչապետն իրեն նման ճոխություն թույլ տալիս, այն դեպքում, երբ իրեն սպասարկող եւ նախկիններին սպասարկած ծառայողական ինքնաթիռն ընդամենը 10 տարի առաջ է ձեռք բերվել հենց գործարանից, եւ գործարանը երաշխավորում է այն շահագործել՝ օրական նվազագույնը 10 հազար կիլոմետր թռիչք իրականացնելով եւ 15 տարուց ավելի։ Այս եւ ԱՄՆ մասնավոր ինքնաթիռով վարչապետի այցի առնչությամբ այսօր Կառավարության ներկայացուցիչը բավականին անհաջող ու մոլորեցնող պատասխան է հնչեցրել խորհրդարանում: «Վարչապետին սպասարկող օդանավը չի կարողանում տեխնիկապես հատել օվկիանոսը: Այդ հարցը քննարկել եմ ՀՀ վարչապետի խորհրդական օդաչու Հակոբ Ճաղարյանի հետ: Նախ՝ որպեսզի այդ հնարավորությունը ձեռք բերվեր, դա, ըստ պարոն Ճաղարյանի, միլիոնավոր դոլարների ծախս էր ենթադրում: Մենք խնդիր ունենք նաեւ՝ կապված մեր օդաչուների լիցենզիաների հետ, նրանք լիցենզավորված չեն տրանսատլանտյան թռիչքներ իրականացնելու համար: Մենք քննարկում ենք նոր ինքնաթիռի գնման տարբերակը»,- հայտարարել է Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Աղաջանյանը, սակայն, այսօր չի խոստովանել, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռը, այդուհանդերձ, բավականին լավ վիճակում է եւ դեռ ունակ է սպասարկել 5 եւ ավելի տարիներ, եւ խնդիրը, ըստ էության, վարչապետի անվտանգությունն ապահովելու կամ, ինչպես մատուցվում է՝ օպտիմալության մեջ չէ։ Իրականում վարչապետն ընդամենը ճոխության հանդեպ իր անզուսպ մղումով որոշել է գումարներ փոշիացնել՝ ինչպես օդանավի գնման, ամիսներ առաջ շուրջ 2 մլն դոլարով Կոնդում տեղակայված կառավարական ամառանոցը վերանորոգելու (որը տարիներ առաջ վերանորոգվել էր ոչ պետական միջոցների հաշվին), այնպես էլ՝ 540 հազար դոլարով «Mercedes-Benz» S դասի S 600 մոդելի ամբողջությամբ զրահապատ երկու ավտոմեքենա ձեռք բերել: Նշենք, որ այս մասին մամուլի հրապարակումներին այսօր Էդուարդ Աղաջանյանը հերքող տեղեկություն չի կարողացել հաղորդել, իսկ պարզաբանումի համար ասել է, որ մեկնաբանություն տալ չի կարող, քանի որ վստահ չէ՝ ներկայացուցչական ծախսերի մասով թույլատրելի՞ է տվյալներ հանրայնացնել, թե՞ ոչ: Վերադառնալով ինքնաթիռի ձեռքբերման թեմային՝ նշենք, որ կառավարության օղակներից ոլորտին քաջածանոթ պաշտոնյան, ով հասկանալի պատճառով չցանկացավ իր անունը հրապարակայնացնել, հուշում է հետեւյալը. «Իմիջիայլոց, A 380-ն արժե 450 մլն դոլար, հատուկ սարքավորմամբ` 500 մլն դոլարից ոչ պակաս, Boing 787-ը` 250 մլն, այսինքն՝ առնվազն` 275 մլն դոլար, իսկ Boing 777-ը` 400 մլն դոլար: Որպեսզի պետբյուջեի վրա ծախսը շատ մեծ չլինի, ճիշտ կլիներ եւ առնվազն ռացիոնալ, որ հայրենի կառավարությունը ձեռք բերեր Boing 787 մոդելը: Ինչ խոսք, կան շատ մոդելներ, որոնք Ատլանտիկը հաղթահարում են հեշտությամբ, բայց դրանք հին մոդելներ են` A 310, A 333, Boing 767 կամ IL 96-ը, որը, ի դեպ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է սպասարկում: Մի ուշագրավ տեղեկություն եւս՝ Իլ 96 մոդելի օդանավի արժեքը տատանվում է 140 մլն-ի սահմաններում, հատուկ սարքավորման դեպքում մի փոքր ավելի՝ շուրջ 150 մլն դոլար, սա համարժեք է 10 մլրդ ռուբլուն: Բայց իմ կարծիքով՝ փոքր կգնեն` Golfstream, private jet տարբերակով, կամ այդ տիպի` իր եւ ընտանիքի համար, կամ` մաքսիմում 25-30 տեղանոց: Դրանց գինը տատանվում է 30-80 մլն դոլարի սահմաններում: Բայց դե՝ դրանց մեջ ջակուզի, սաունա, բան չկա…»: Ի դեպ, վարչապետի ԱՄՆ կատարած այցը հենց նույն շռնդալից ծախսերի համար շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում։ Հիշեցնենք, երբ Փաշինյանը դեռ ԱՄՆ-ում էր, մամուլը պարզեց, որ Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցի համար պետական բյուջեից ծախսվել է ավելի քան 350 հազար ԱՄՆ դոլար: «Հետք» պարբերականն իր հերթին՝ ծավալուն հոդվածում պարզել էր, որ Նիկոլ Փաշինյանին սեպտեմբերի 21-ին Գյումրիից ԱՄՆ տեղափոխած մասնավոր «Gulfstream G550» ինքնաթիռը պատկանում է ուկրաինացի քաղաքական գործիչ Նեստոր Իվանովիչ Շուֆրիչին, ով Ուկրաինայում որպես «Ընդդիմադիր բլոկի» ներկայացուցիչ՝ 2019թ. վերընտրվել է պատգամավոր, մինչեւ պատգամավոր ընտրվելը պաշտոններ է զբաղեցրել տարբեր ձեռնարկություններում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր