00:00:00

Ինչպես են վճարել խոշոր հարկատուները

17:39, 28 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Տարեսկզբի առաջին ինը ամիսներին վճարված հարկերի հիման վրա Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է հազար խոշոր հարկատունների ցանկը։ Համաձայն դրա, խոշորների ցանկը շարունակում է գլխավորել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը պետական բյուջե է փոխանցել շուրջ 40,6 մլրդ դրամ։ Նրանից շատ քիչ է հետ մնացել երկրորդ տեղում գտնվող «Գրանդ Տոբակոն»։ Վերջինս կատարել է գրեթե 40,3 մլրդ դրամի պարտավորություններ։ Խոշորների ցանկի երրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է՝ կատարած 33,6 մլրդ դրամ վճարով։ Նշենք, որ նախորդ տարվա համեմատ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» վճարներն ավելացել են 7,8 միլիարդ, «Գրանդ Տոբակոյին»՝ 12,6 միլիարդ, «Գազպրոմ Արմենիային»՝ շուրջ 3,3 մլրդ դրամով։ Խոշորների առաջին տասնյակում տեղ են գտել «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակը»՝ շուրջ 13,4 միլիարդ, «Գեոպրոմայնինգ Գոլդը»՝ 12,5 միլիարդ, «Ֆլեշը»՝ 10,7 միլիարդ, «Հայաստանի էլեկտրական ցանցերը»՝ 10,5 միլիարդ, «Ֆիլիպ Մորիս Արմենիան»` 9,7 միլիարդ, «Ջեյ Թի Այ Արմենիան»` 9,3 միլիարդ և «ՍիՓիԷս Օիլը»` 9,1 մլրդ դրամ վճարած հարկերով։ Հազար խոշոր հարկատուները այս տարվա առաջին երեք եռամսյակներին պետական բյուջե են փոխանցել ընդհանուր առմամբ 764,5 մլրդ դրամի հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոշորների վճարներն ավելացել են 90,7 մլրդ դրամով։ Աճը կազմում է շուրջ 13,5 տոկոս։ Նշենք, որ տարեսկզբի ինը ամիսներին պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելացել են 21,6 տոկոսով։ Սա նշանակում է, որ խոշորների դեպքում աճի տեմպը անհամեմատ ավելի ցածր է եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր