00:00:00

Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են Ռուսաստանից բողոքի նոտա հղելու մասին տեղեկությունը

18:01, 24 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Պաշտպանության նախարարությունից մեկնաբանել են տեղեկատվությունը, թե Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու զենքի տենդերի չեղարկման կապակցությամբ։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով նշված տեղեկությունը, նշեց, որ, ցավոք, ORSIS-ի թեման ի սկզբանե տարատեսակ անանուն աղբյուրների եւ անհասկանալի մղումների պատճառով սխալ ուղղությամբ գնաց․ «Այն հայտարարությունը, թե քրեական գործ է հարուցված, պարզվեց լրիվ այլ իրավական գործընթաց է տեղի ունենում, եւ ցավում եմ, որ այսօր էլ շահարկվում է այդ թեման»: «Քանի դեռ իրավական որոշակի գործընթաց է ընթանում, ես զերծ կմնամ կոնկրետ գնահատականներ տալուց, թե ինչ է իրականում եղել, ինչ հանգուցալուծում եւ ինչ պաշտոնական դիքրորոշումներ կան: Պարզապես կասեմ այս պահին, որ նույն տեղեկությունը հայտարարողը ամեն ինչ խառնում է իրար՝ սկսած նրանից, որ ORSIS-ի մայր ընկերությունը եւ հայաստանյան ներկայացուցչությունը տարբեր իրավաբանական կառույցներ են, վերջացրած նրանով, որ բողոքի նոտայում չեն խնդրում իրավիճակը հանգուցալուծել եւ հասկանալ դրա մանրամասները»,- հավելեց Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանում գրանցված «Օրսիս Արմս» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարություն էր ներկայացրել ՊՆ կողմից մրցույթին ընկերության մասնակցության մերժման մասին: Փաստաբանի վարկածով՝ մերժումը պայմանավորված էր մտացածին պատճառով: Հայտարարության հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել 376 հոդվածի 1-ին մասով: ՔԿ-ն հաստատել էր քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը: «Օրսիս Արմս» ընկերությունը ռուսական ORSIS-ի դուստր ընկերությունն է եւ Հայաստանում գրանցված է 2017 թվականից: Ընկերության համահիմնադիրներն են Գեւորգ Մանուկյանը եւ Արթուր Գալստյանը: Երկար ժամանակ «Օրսիս Արմս» ընկերությունը ԶՈՒ-ին մատակարարել է սպառազինություն եւ օպտիկական սարքեր: Սակայն հերթական մրցույթի ժամանակ ընկերությանը մերժվել է մասնակցել՝ մրցույթի պայմաններին անհամապատասխանության հիմնավորմամբ: Նշվում էր, որ ընկերությունը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր: Ալեքսանդր Սիրունյանը NEWS.am-ի հետ զրույցում համանման հայտարաությունները հերքել էր՝ հավաստիացնելով, որ բոլոր փաստաթղթերը կարգին են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր