«Նրանք ասում են՝ «հրադադար հայտարարեք»: Մենք երբեք հրադադար չենք հայտարարի: Նրանք ճնշում են գործադրում մեզ վրա, որպեսզի դադարեցնենք գործողությունները, պատժամիջոցներ են սահմանում: Մեր նպատակն առավել քան հստակ է, և մեզ ոչ մի պատժամիջոց չի հուզում»,- ասել է նա:
Էրդողանը, ինչպես գրում է Die Welt պարբերականը, նաև քննադատել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասին, որը, նրա խոսքով, «քաղաքականությունից ոչինչ չի հասկանում»: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Գերմանիան «կպարտվի», իսկ Թուրքիան «կհաղթի» այս կոնֆլիկտը:
Մաասը նախօրեին հայտարարել էր, որ Գերմանիան, ի նշան Թուրքիայի ռազմական գործողության դեմ բողոքի, դադարեցնում է Թուրքիային զենք մատակարարելու թույլտվությունների տրամադրումը:
«Շատ էական է այն փաստը, որ մենք չենք աջակցում այդ ռազմական ներխուժմանը սպառազինությունների նոր մատակարարումների միջոցով»,- հայտնել էր արտգործնախարար Հայկո Մաասը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: