00:00:00

Զոհեր և 100-ի հասնող ծանր վիրավորներ. ռազմական գործողությունները Սիրիայում շարունակվում են. օր 6-րդ

03:43, 15 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Սիրիայի հյուսիս-արեւելքում Թուրքիայի կողմից սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 6-րդ օրը: Տասնյակ  զոհեր, հարյուրավոր վիրավորներ կան 2 կողմերի խաղաղ բնակչության շրջանում էլ: Զոհվում եւ ծանր վիրավորումներ են ստանում  մանկահասակ երեխաներ եւս, թուրքիայի ցամաքային օդային ուժերը հարվածներ են հասցնում ինչպես խաղաղ բնակավայրերի, այնպես էլ կենսական կարեւորության շինությունների, ճանապարհների ուղղությամբ: Sana գործակալությունը հայտնում է, որ այսօր թուրքական բանակը հրետանային հարվածներ է հասցրել Հասակե նահանգի Ադ-Դարբասիա եւ Ալ-Քարմանիա գյուղերի ուղղությամբ: Թուրքական ռեժիմի ուժերը շարունակում են զինված գործողությունները Հասակե եւ Ռաքքա շրջաններում՝ հասցնելով օդային եւ հրետանային հարվածներ հիդրոկայանների ու էլեկտրոկայանների, նավթային օբյեկտների, բնակելի թաղամասերի, հիվանդանոցների ուղղությամբ: Սիրիական Ռաս-էլ-Այն քաղաքի մոտակայքում թուրքական ռազմական օդանավերի իրականացրած հարձակման հետևանքով 3 արտասահմանցի լրագրող էր զոհվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գնդակոծության տակ է առնվել քուրդ լրագրողների տեղափոխող ավտոշարասյունը, ինչի հետեւանքով զոհվել էր 2 քուրդ լրագրող, եւս 4-ը վիրավոր էին: Սիրիական բանակը մտել էր Տաբկայի շրջան, որը վերահսկվում էր Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից: Տաբկա քաղաքը գտնվում է Ռաքքայի արևմուտքում: Նշվում է, որ Ասադի ուժերը հոկտեմբերի 13-ի երեկոյան սկսել են շարժվել դեպի երկրի հյուսիսային շրջաններ: Սիրիական «Al Mayadeen» հեռուստաալիքը հայտնում է, որ Սիրիայի կառավարությունը դեռևս պաշտոնական հայտարարություն չի արել այդ կապակցությամբ: Իսկ սիրիական SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի բանակը թուրքական ներխուժումը կանխելու համար զորք է տեղակայում Թուրքիայի հետ սահմանին գտնվող Թել Թամեր շրջանում: Օրվա ընթացքում պաշտոնական տեղեկատվություն հաղորդեց Թուրքիայի պաշտպանության նախարարությունը՝ հայտնելով, որ Թուրքական կողմի տվյալներով «Խաղաղության ակունք» ռազմագործողության 6 օրերի ընթացքում թուրքական բանակը Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) 550  զինյալի է սպանել: Բացի այդ,  Սիրիայի քրդերին ռազմական օգնություն հասցնող մեքենան է ոչնչացվել թուրքական ուժերի կողմից: Հայտարարությունում նշվում է, որ Եփրատի արևելքում իրականացվող ռազմական գործողությունը նախատեսված կարգով շարունակվում է: Թուրքիայի զինված ուժերն, այսպես կոչված, «Սիրիայի ազատ բանակի» մարտիկների հետ միասին այսօր գրոհ են սկսել նաեւ սիրիական Մանբիչ քաղաքի դեմ, որը հանդիսանում է Սիրիայի հյուսիսային շրջանի հիմնական բնակավայրերից մեկը և պատկանում է «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» քրդական զորամիավորումների դաշինքին: Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններին այսօր կրկին անդրադարձել են Ֆրանսիայում: Ելիսեյան պալատը հանդես է եկել հայտարարությամբ, որը կազմվել է Ֆրանսիայի պաշտպանության եւ ազգային անվտանգության խորհրդի՝ նախագահ Էմանուել Մակրոնի նախագահությամբ Փարիզում անցկացված նիստից հետո: Էմանուել Մակրոնը նիստի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները կարող են հանգեցնել հումանիտար ողբերգական հետեւանքների, «Իսլամական պետության» խմբավորման ակտիվացմանը, ինչպես նաեւ իրավիճակի ապակայունացմանը տարածաշրջանում: Հաշվի առնելով այս ամենը՝ Ֆրանսիան իր առաջնահերթությունն է համարել տարածաշրջանում ԻՊ-ի չեզոքացումը: Նշվում է, որ Ֆրանսիան ամենավճռական կերպով դատապարտում է Թուրքիայի հարձակումը Սիրիայում Ռազմական գործողությունները շարունակվում են դատապարտելի մնալ աշխարհի բազմաթիվ երկրների կողմից: Չնայած այս հանգամանքին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է այդ ամենը ահաբեկիչների դեմ պայքար անվանել եւ այսօր մեղադրում էր ՆԱՏՕ-ին՝ իրենց չաջակցելու համար: Ըստ Էրդողանի, ՆԱՏՕ-ն իր երկրին չի ցուցաբերում  համապատասխան աջակցություն եւ կոչ է արել դաշինքին՝ ընտրություն կատարել Թուրքիայի կամ «ահաբեկիչներ»-ի միջեւ: Այս մեղադրանքները նա հնչեցրել էր լրագրողների հետ զրույցում, որտեղ նաեւ խոսել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցների եւ կրակն անհապաղ դադարեցնելու մասին կոչերից:  Էրդողանն ասել է, որ Մեծ Բրիտանիան ու Գերմանիան ակնհայտ ապատեղեկատվական հոսքերի ազդեցության տակ են, նրանց սխալ ինֆորմացիա են տրամադրում: Օրվա ընթացքում Թուրքիայի նախագահը մեկնեց Ադրբեջան: Պաշտոնական տվյալներ հրապարակվեցին նաեւ Միացյալ Ազգերի կազմակերպության կողմից: Համաձայն ՄԱԿ-ի ԳՔ-ի հայտարարության, Սիրիայում իրականացվող գործողությունների արդյունքում փախստական դարձած անձանց թիվը հասել է 160 հազարի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր