00:00:00

«Սիրիայում  գտնվող ընկերներիս հետ խոսել եմ․ ասում են՝ բնակչության վիճակը շատ ծանր է․ ռուբեր են լցվում խաղաղ բնակչության վրա, երեխաները կոտորվում են»

03:01, 15 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Թուրքական զինուժը շարունակում է  ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում: Համացանցը ողողված է սահմռկեցուցիչ ու ողբերգական տեսարաններով․ ակնհայտ է՝ թուրքական զինուժը կանգ չի առնում ոչնչի առաջ, անգամ երեխաներին ու կանանց են տանջամահ անում։ Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարեց՝  Թուրքիայի զինված ուժերը սկսում են «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ ընդդեմ քրդական ուժերի: Ընդգծենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը  երեկ Ստամբուլում  կայացած մամուլի ասուլիսի ընթացքում  հայտարարել է, որ պատժամիջոցների կամ զենքի վաճառքի արգելքի մասին Արևմուտքի սպառնալիքները չեն կանգնեցի Թուրքիայի գործողությունը: Նա հայտնել է, որ Սիրիայի հյուսիսում   ռազմական գործողությունների մեկնարկից հետո 5 օրվա ընթացքում 490 ահաբեկիչ է չեզոքացվել, այդ թվում՝ 440-ը սպանվել են, 26-ը վիրավորվել, ևս 254-ը վայր են դրել զենքերը: Նա նաև ասել է, որ թուրքական բանակից 2 զինվոր է զոհվել, սիրիական ընդդիմադիր բանակից  16 մարտիկ   է զոհվել: Էրդողանի ներկայացրած տվյալներով՝ Սիրիական կողմից կատարված ռմբակոծությունների հետևանքով Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերում 18 խաղաղ բնակիչ է զոհվել, 147-ը վիրավորվել են: Էրդողանը  նշել է  նաև, որ թուրքական բանակը 30-35 կմ խորացել է Սիրիայի տարածք և վերահսկողություն է սահմանել նաև  Ռաս ալ-Այն քաղաքում։ Ըստ այլ հաղորդագրությունների՝ թուրքական բանակից մի քանի զինծառայող է զոհվել,  իսկ  քրդամետ ուժերը 56 զինյալ են կորցրել, Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում առնվազն 80 զոհ կա:  Թուրքական զինուժի իրականացրած   ռազմական գործողությունների պատճառով զոհվել են նաև արտասահմանցի լրագրողներ: Իսկ ՄԱԿ-ի տվյալներով՝ մոտավորապես 130 հազար մարդ ստիպված հեռացել  են  իրենց բնակավայրերից:
Հայաստանի քրդական համայնքի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը,  irakanum.am-ի  թղթակցի հետ զրույցում  անդրադառնալով Թուրքական զինուժի իրականացրած գործողություններին, նշեց․ «Սիրիայում ընկերներ մտերիմներ ունեմ՝ և՛ հայեր, և՛ քրդեր․ նրանց հետ կապի մեջ եմ։ Իրավիճակն այնտեղ շատ ծանր է։ Թուրք մարդասպանները  սպանում են նույնիսկ  կանանց  ու  երեխաներին։ Քրդական ալիքներով    հեռարձակվում է, թե ինչպես են երեխաներին ոտքերի տակ տալով՝ սպանում, ցույց են տալիս, որ երեխաների գլուխները վնասված են, ու թուրքերն է՛լի հարվածում են նրանց․․․ սարսափելի է։ Ես դատապարտում եմ  այդ գործողությունները, թուրքական այդ բիրտ քաղաքականությունը, որն իրականացվում է   քրդերի նկատմամբ․  քրդերի նկատմամբ սեղասպանություն է իրականացվում», -  ասաց Կնյազ Հասանովը՝ նշելով՝ Թուրքիայում բնակվող քրդերն էլ ապրում են շատ դաժան պայմաններում։ «Թուրքիայում բնակվող թուրքերը անգամ մի բան խոսելու, ցույցեր անելու իրավունք  չունեն, քանի որ նման դեպքերում թուրքերը նրանց խոշտանգում են, առանց դատ ու դատաստանի բանտ գցում կամ   տեղում սպանում։ Ահա այսպիսի զարհուրելի բաներ են  կատարվում՝ Էրդողանի գլխավորությամբ։
Մերոնք ասում են՝ ինչքան կարող են,  պետք է դիմադրեն, եթե չդիմադրեն էլ, Թուրքիան  գրավելու է այդ տարածքները՝ ժողովրդի հետ ամենայն դաժանությամբ վերաբերվելով, ինչպես որ նախկինում եղավ Աֆրին քաղաքի   դեպքում՝  երկու տարի առաջ։  Աֆրինում մոտ մեկ միլիոն բնակցություն կաև, և թուրքերը նրանց հետ ամենադաժան ձևով վերաբերվեցին։ Հիմա էլ ժողովրդի մի  մասը փախել է, շատերը դաշտերում են, բաց երկնքի կամ վրանների տակ են ապրում, առանց խնամքի ու կամաց-կամաց ոչնչանում են։   Սիրիայում  գտնվող ընկերներիս հետ խոսել եմ, ասում են՝ բնակչության վիճակը շատ ծանր է․ ռուբեր են լցվում խաղաղ բնակչության վրա, երեխաները կոտորվում են․ դա սարսափելի բան է․․․», -  ասաց Կնյազ Հասանովը։ Նրա խոսքով՝  հիմա արդեն կարծես անիմաստ է խոսել միջազգային հանրության գնահատականի մասին։ Կնյազ Հասանովը նշեց՝  այլևս չի  հավատում «միջազգային հանրություն» ասվածին, քանի որ գերտերությունները միայն իրենց պետությունների նեղ  շահերի կամ  նույնիսկ  զենք վաճառելու մասին են մտածում, և   այդ նույն միջազգային հանրությունն այսօր խուլ ու համր է ձևանում,  երբ  Սիրիայում ցեղասպանվում է քուրդ ժողովուրդը։
  irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր