Սիրիացի ուսանողները Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում «Ձեռքերդ հեռո՛ւ Սիրիայից» կարգախոսով ակցիայի շրջանակում հայտարարել են, որ Թուրքիայի հարձակումը Սիրիայի Ալ Ջազիրա շրջանի վրա միջազգային իրավունքի խախտում է և վտանգ է հանդիսանում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար: Ուսանողները կոչ են արել միջազգային կազմակերպություններին հստակ դիրքորոշում հայտնել և դատապարտել Թուրքիայի ագրեսիան Սիրիայի ինքնավարության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Ուսանողները վստահեցրել են, որ իրենց հայրենիքի կողքին են, որն այժմ «դիմակայում է ահաբեկչական պատերազմին»: Նրանք պարզել են ազգային դրոշները և Թուրքիայի բարբարոսական քաղաքականությունը դատապարտող կարգախոսներ են հնչեցրել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: