00:00:00

Իրանը համագործակցում է ԱԷՄԳ մասնագետների հետ

21:16, 04 հոկտեմբեր 2019 Աշխարհ

Իրանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը փոխգործակցում են միջուկային ծրագրին վերաբերող հարցերում։ Այս մասին տեղեկացրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Քորնել Ֆերուցեին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «(Իրանի հետ) փոխգործակցություն ներկա պահին կա»,- Reuters-ը մեջբերում է Ֆերուցեի խոսքերը, որը հանդես է եկել լրագրողների առջեւ Վիեննայում։ Ինչպես նա նշել է, Թեհրանի հետ ԱԷՄԳ-ի մասնագետների համագործակցության առաջընթացը Իրանի ղեկավարության բարձրաստիճան պաշտոնյաների մի շարք հանդիպումների արդյունքն է, որոնք տեղի են ունեցել վերջին շաբաթներին։ Միեւնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Ֆերուցեն, նման փոխգործակցությունը «չի նշանակում, թե բոլոր խնդիրները լրիվ լուծված են»։ «Բայց դա ճիշտ ուղղությամբ կատարված քայլ է»,- նշել է ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնակատարը։ Սեպտեմբերի վերջին ԱԷՄԳ-ն զեկույց հրապարակեց, որում ասվում էր, որ Թեհրանը սկսել է հարստացնել ուրանը բարելավված ցենտրիֆուգներով, խախտելով Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ)։ Բացի այդ, անցած ամսվա սկզբին, ինչպպես տեղեկացրեց Reuters գործակալությունը, ԱԷՄԳ փորձագետները հայտնաբերել են ուրանի հետքեր, որոնք վերցվել են Թեհրանի օբյեկտներից մեկում։ ԱԷՄԳ-ում բացատրություններ են պահանջել Իրանից, բայց այն ժամանակ դրանք չէին ներկայացվել։ Իրանի միջուկային գործարքի ապագան հարցականի տակ հայտնվեց 2018 թվականի մայիսի 8-ին համաձայնագրից ԱՄՆ միակողմանի դուրս գալուց եւ Իրանի դեմ Վաշինգտոնի կողմից նավթի արտահանման ոլորտում պատժամիջոցներ մտցնելուց հետո։ 2019 թվականի մայիսին Իրանը հայտարարեց միջուկային գործարքի մի շարք պարտավորությունների դադարեցման մասին (60 օրով կանգնեցվեց հարստացված ուրանի վաճառքը)։ Հուլիսին Թեհրանը անցավ երկրորդ փուլին՝ հայտարարելով, որ ուրանը հարստացնում է 3,67 տոկոսից ավելի եւ խոստանալով նվազեցնել պարտավորությունների կատարումը ամեն 60 օրը մեկ, եթե գործարքի մյուս մասնակիցները հավատարիմ չմնան ձեռք բերված պայմանավորվածություններին։ Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարեց, որ սկսել է պարտավորությունների կրճատման երրորդ փուլը եւ հրաժարվեց սահմանափակել ատոմի հետազոտությունները։ ԱԷՄԳ-ն սեպտեմբերի 8-ին տեղեկացրեց, որ Իրանի իշխանությունները տեղեկացրել են իրեն հետազոտություններ սկսելու եւ նոր ցենտրիֆուգներ ստեղծելու մասին։ Հետագայում հայտնի դարձավ, որ Թեհրանը միջոցներ է մշակում, որոնք կկազմեն ԳՀՀԾ-ի գծով նրա պարտավորությունների կրճատման չորրորդ փուլը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր