00:00:00

Դեպի Հայաստան ուղղակի ներդրումների աճի տեմպը սկսել է արագանալ. ԿԲ

18:28, 01 հոկտեմբեր 2019 Տնտեսություն

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Հայաստան ուղղակի ներդրումներն ավելացել են 2.8 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 1.8 տոկոսով՝ կազմելով 696.3 մլն ԱՄՆ դոլար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կենտրոնական բանկը հրապարակել է  ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի արտաքին աշխարհին վերաբերող հաշիվների, մասնավորապես Հայաստանի միջազգային ներդրումային դիրքի և համախառն արտաքին պարտքի, դեպի ՀՀ դրամական փոխանցումների վիճակագրությունը։ Չնայած 2018 թվականի վերջին երկու եռամսյակներում գրանցված ուղղակի ներդրումների անկմանը, ընթացիկ տարվա առաջին երկու եռամսյակում ներդրումների աճի տեմպը սկսել է վերականգնվել։ Երկրորդ եռամսյակում նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել են նաև պորտֆելային ներդրումները, մասնավորապես նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել են 52 տոկոսով։ Այլ ներդրումների գծով ևս աճ է նկատվում։ Դիտարկվող ժամանակահատվածում դեպի ՀՀ անձնական դրամական փոխանցումները նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ ավելացել են մոտ 2 տոկոսով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ գրեթե 36 տոկոսով։ Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում դեպի ՀՀ փոխանցված աշխատողների զուտ աշխատավարձը նախորդ տարվա երկրորդ եռամսյակի համեմատ աճել է 2.8 տոկոսով։ Հատկանշական է, որ երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատ դեպի Հայաստան փոխանցված զուտ աշխատավարձն ավելացել է 83.2 տոկոսով։ Նշենք, որ զուտ աշխատավարձը սեզոնային աշխատողների կողմից ստացված աշխատավարձը կամ եկամուտն է՝ առանց եկամտահարկի, տրանսպորտային ծախսերի և արտերկրում կատարված այլ ծախսումների: Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անձնական տրանսֆերտներն ավելացել են 2.6 տոկոսով, իսկ կապիտալ տրանսֆերտները կրճատվել են 17.8 տոկոսով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր