00:00:00

«Ասիական բանկի տվյալներով՝ Հայաստանում աղքատության ցուցանիշը 29,4 տոկոս է»

21:58, 27 սեպտեմբեր 2019 Տնտեսություն

«ՓՄՁ և Կանանց ձեռնարկատիրության զարգացումը Հայաստանում» խորագրով լայնածավալ համաժողովին Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձավ փոքր և միջին ձեռնարկատիրություններին վերաբերող խնդիրներին։ Մակարյանի կողմից ներկայացված տվյալների համաձայն (ելույթին կից տվյալները ցուցադրվում են մեծ էկրանով)՝ 2018 թվականի դրությամբ արդյունաբերության մեջ զբաղվածության թիվը նվազել է, գյուղատնտեսության մեջ «վերուվարներով» միջին ցուցանիշ է գրանցվում։ «Ծառայության ոլորտն է, որ որոշակիորեն կարողանում է զբաղվածությունը խթանել»,- նշեց նա։ Աղքատության շեմին անդրադառնալով ու հղում անելով Ասիական բանկի տվյալներին՝ Մակարյանն ասաց, որ Հայաստանում աղքատությունը կազմում է 29,4 տոկոս։ «Ազգային ցուցանիշը, մեր ազգային վիճակագրությունը, իր մեթոդաբանությամբ ու Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարության ծրագրի շրջանակներում, բերում է 25,9 տոկոս, մոտավորապես 3,7 տոկոս պակաս, քան Ասիական բանկը»,- ներկայացրեց Մակարյանը։ Ըստ ազգային վիճակագրական տվյալների՝ աղքատությունը Շիրակի մարզում 44,3 տոկոս է, Կոտայքում՝ 31, Լոռիում՝ 29,7 տոկոս և այլն։ Գյուղատնտեսության ոլորտում կանանց զբաղվածությունը 10 տոկոսով ավելի է տղամարդկանց հետ համեմատ։ «Մենք անընդհատ խոսում ենք հայրենադարձություն խթանելուց և այլն․․․ Որը կարևոր է նաև փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման համար, որովհետև դա հնարավորություն է տալիս ներքին սպառման շուկան մեծացնել, ընդլայնել շուկան, նոր սպառողներ, նոր քաղաքացիներ»,- ընդգծեց միության նախագահը։ Ներգաղթի ու հայրենադարձության խնդիրը, ըստ Գագիկ Մակարյանի, կարելի է լուծել փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման միջոցով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր