00:00:00

100 փաստից զատ Փաշինյանը այլ «հաջողություն» է գրանցել` հասարակության ներսում թշնամանքի շեշտակի աճ․ «Փաստ»

12:59, 26 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ»-ը գրում է․ «Գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանությունները մեր հասարակությանը հրամցնում են վիճակագրական թվեր, որոնց զգալի մասն ուղղակի կա՛մ էական նշանակություն չունեն, կա՛մ ձևավորվել են վիճակագրական որոշակի «մեթոդի» հիման վրա: Մենք չենք ասում, բազմաթիվ տնտեսագետներ են այդ մասին խոսում ամեն օր: Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ նոն-ստոպ ռեժիմով ներկայացվող «թվախեղդը» իրականություն է, իսկ այդ տվյալներն էլ շատ կարևոր նշանակություն ունեն, միևնույն է, դրանք ոչինչ չեն արժենա այն գործընթացի արդյունքում, որը տեղի է ունենում անցած մեկուկես տարվա ընթացքում: Պետության ունեցած պոտենցիալի առավել արդյունավետ կիրառման համար ոչ պակաս նշանակություն ունի հասարակության ներսում ստեղծված բարոյահոգեբանական մթնոլորտը։ Եվ ընդհանրապես, այն հասարակությունների համար, որոնց ներսում իշխում է հատվածականության և տարանջատվածության մթնոլորտը, դժվար է լինում մեծ չափով օգտագործել երկրի ներուժը և առաջընթաց գրանցել, որովհետև հասարակության տարբեր հատվածների միջև առճակատումը խլում է անիմաստ ռեսուրսներ։ Իսկ շատ հաճախ հասարակության ներսում ստեղծված տարանջատվածությունը կարող է դուռ բացել երկրի հետընթացի համար: Այդպիսի օրինակներ աշխարհի պատմությունը հաճախ է տվել, ընդ որում՝ ոչ անպայման հին կամ հնագույն ժամանակների պատմությունը, այլ նաև նոր ու նորագույն ժամանակների: Հիմա մենք չափազանց վտանգավոր սահմանագծին ենք. իշխանափոխությունից ի վեր մեր երկրում նկատվում է թշնամանքի, չարության, մաղձի դոզայի կտրուկ աճ։ Թվում էր, թե սիրո ու հանդուրժողականության կոչերի ներքո իշխանության եկածները միջոցներ կձեռնարկեն, որպեսզի մեղմացնեն ատելության տարածումը հասարակության որոշ շերտերի նկատմամբ, սակայն տեղի ունեցավ հակառակ գործընթացը։ Կամա, թե ակամա հենց իրենք դարձան այդ մթնոլորտի խորացման, հասարակության մեջ անդնդախոր ճեղքերի առաջացման, փոխադարձ ատելության սերմանման խթանողը: Այսօր մեր հասարակության ներսում չարության, նախանձի, հայհոյանքի և ատելության տարածումը շատ վառ արտահայտվում է հատկապես սոցցանցերում, երբ հատկապես իշխանական ու «իշխանամերձ» օգտատերերը և ֆեյքերը ամենավերջին լուտանքներն են թափում տարբեր մարդկանց հասցեին։ Նույնիսկ նրանց հասցեին, որոնք ոչ թե այս կամ այն ընդդիմադիր ուժին են հարում, այլ պարզապես բարձրաձայնում են իրենց մտահոգությունների մասին: Ուշագրավ է, որ շատ հաճախ անգամ կանայք են հայհոյելու հարցում ռեկորդներ գրանցում։ Ու թիրախավորվում են բոլորը, որոնք մի «թթու խոսք» են ասել իշխանության, իսկ ավելի ստույգ՝ վարչապետի հասցեին: Կարևոր էլ չէ՝ ով է դիմացինը, ինչ ճանապարհ է անցել, ինչ վաստակ ունի: Այդպես հայհոյում, պիտակավորում, անվանարկում ու վարկաբեկում ենք սեփական կարծիք ունեցող բոլորին՝ բժշկին, գեներալին, զինվորին, քաղաքական գործչին, մանկավարժին, դատավորին, լրագրողին, մտավորականին: Մի խոսքով, իշխանության անսխալականության համոզմունքի «ամրոցները» թուլացնող բոլորին ու յուրաքանչյուրին: Նաև սրա արդյունքն է, որ նախկին ոստիկանապետի ինքնասպանության տեղեկության թեմայով մոլի իշխանական օգտատերը գրում է. «Տարոսը մյուս գեներալներին»: Եվ ինչ զարմանալու բան կա, որ նմանատիպ գրառումները դառնում են գերակայող... Ինչպես տեսնում ենք, 100 (այն մի 100-ն էլ գումարենք, ուրեմն՝ 200) փաստից զատ Փաշինյանը այլ «հաջողություն» է գրանցել, և դա հասարակության ներսում թշնամանքի շեշտակի աճն է։ Իսկ այս պայմաններում ակնկալել, թե մեր երկիրը կարելի է դնել զարգացման ռելսերի վրա, անհնար է, քանի որ հասարակության ջանքերի համախմբման միջոցով է հնարավոր հասնել մեր երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը։ Իսկ փոխադարձ անվստահության և ատելության աճը մեր երկիրը տանելու է ցնցումների: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի ներսում ստեղծված յուրաքանչյուր լարված իրավիճակ շատ պատեհ առիթ է ստեղծում Ադրբեջանի համար սահմանում սադրանքների դիմելու հարցում: Ի վերջո, մենք այդպիսի իրավիճակի փորձ ունեցել ենք: Եվ ոչ մեկ անգամ: Եթե ներկայիս կառավարությունը շարունակի անտեսել հասարակության ներսում ստեղծված անառողջ մթնոլորտը և քարտ բլանշ տա ատելության տարածման գործելակերպին, ապա ստեղծված թունավոր մթնոլորտը մի օր պայթելու է, որի արդյունքում տուժելու է ոչ միայն իշխանությունը (որևէ կառավարության ձախողում ոչ մի նշանակություն չունի), այլ առաջին հերթին պետությունը, ինչը պարզապես անթույլատրելի է»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր