00:00:00

«Իմքայլականները» որոշել են ոչնչի առջև կանգ չառնել. վերադառնում ենք «մեր դեմ խաղ չկա»-ին․ «Փաստ»

13:27, 18 սեպտեմբեր 2019 Մամուլ

«Փաստ»-ը գրում է․ «Սեփական ցանկությունները ամեն գնով կյանքի կոչելու ճանապարհին, ինչպես երևում է, «իմքայլականները» որոշել են ոչնչի առջև կանգ չառնել՝ սկսյալ տեղեկատվական տոտալ հարձակումներից մինչև, ասենք, Բարձր դատարանի փոփոխություն (ոչ թե կազմի, այլ ինստիտուցիոնալ առումով, ինչի մասին, ի դեպ, գրել էինք դեռ օրեր առաջ): Ավելին՝ որոշ պատգամավորներ խորհրդարանում մեծամասնություն ունենալը նույնացնում են «ամեն ինչ մեզ կարելի է» գործելաոճի հետ: Օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը կարծում է, որ «ԱԺ մեծամասնության կողմից որևէ պաշտոնյայի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործընթաց սկսելու մասին հայտնելուց (կամ նույնիսկ դրա մասին ակնարկելուց) անմիջապես հետո տվյալ պաշտոնյան անհապաղ, առանց այլևայլությունների հրաժարական պիտի տա՝ անկախ տվյալ պաշտոնյայի ինքնավարության աստիճանից»: Նշվածին պատգամավորը հավելում է նաև ամփոփիչ ասելիքը. «Միակ առաջնային մանդատով օժտված կառույցի դեմ ուղղակի խաղ չկա ու չպիտի լինի»: Դժվար է ասել՝ այսպես է մտածում ամբողջ խմբակցությունն ու նաև վարչապե՞տը, թե միայն հատուկենտ պատգամավորների համոզմունքն է: Սակայն փաստն այն է, որ իշխանության անխտիր բոլոր ճյուղերը մեկ անձի ու մեկ ուժի ձեռքում հավաքելու փորձի գործընթաց է նշմարվում՝ իշխանության թևերի տարանջատման սկզբունքի մասին իսպառ մոռացած: Ի դեպ, գրառման մեկնաբանություններում պատգամավորը նաև փաստացի սպառնալիքներ է հնչեցրել իրեն հակադրվողների նկատմամբ՝ մոտավորապես այսպիսի ոճով. «Պատշաճ տոնով խոսե՛ք, այլապես ռիսկ կա, որ անբարենպաստ հետևանքներ ունենա։ Ինձ երևի չեք ճանաչում։ Զգուշացնում եմ մի անգամ»: Հետո, իհարկե, պատգամավորը փորձում է ուղղել իրեն, թե ես նկատի ունեմ, որ ժողովրդի դեմ խաղ չկա, բայց, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է: Եվ պատահական չէ, որ անընդհատ տեղեկություններ են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար զգուշացնում է իր թիմակիցներին առավել չափավոր լինել իրենց գրառումներում ու հարցազրույցներում, «մի քիչ դիվանագետ լինել», «լյապեր չթողնել» և այլն»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր