00:00:00

Տիգրան Ավինյանը մասնակցեց ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին

18:44, 12 սեպտեմբեր 2019 Տնտեսություն

Սեպտեմբերի 12-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 17-րդ նիստին: Այս մասին հայտնում է Փոխվարչապետի գրասենյակը։ Ողջունելով նիստի մասնակիցներին՝ փոխվարչապետը համոզվածություն հայտնեց, որ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները լավ հիմք կհանդիսանան ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման և խորացման համար: Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է անվտանգության և կայունության առանցքային գործիք կազմակերպության պատասխանատվության գոտում: Կարևոր նշանակություն է տրվում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերով կանոնավոր քաղաքական խորհրդակցություններին, արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործմանը, ինչպես նաև կազմակերպության ռազմական ներուժի զարգացմանը: Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության ընդլայնման համատեքստում հիմնարար թեմաներից մեկը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն է: Ակնհայտ է, որ անդամ պետությունների բարձր տեխնոլոգիական ձեռնարկությունների միջև համագործակցության մակարդակը անբավարար է: Մինչդեռ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի աշխուժացումը կարող է դառնալ փոխգործակցության խորացման լրացուցիչ և կարևոր գործիք: Բացը լրացնելու համար հայկական կողմն առաջարկեց ակտիվացնել համագործակցությունը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավտոմոբիլաշինություն, հաջորդ սերնդի ցանցերը, ավիատիեզերական համակարգերը, միկրոէլեկտրոնիկան և ռադիոէլեկտրոնիկան, արդյունաբերական իրերի ինտերնետը և արհեստական բանականությունը: Տիգրան Ավինյանը նշեց, որ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովը հենց այն հարթակն է, որտեղ կարելի է քննարկել այս հնարավորությունները: Նիստի շրջանակներում տեղի ունեցավ նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հանդիպումը Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովի հետ: Քննարկվեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատնտեսական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր