00:00:00

Ամերիաբանկը 20 մլն դոլարին համարժեք դրամի վարկային պայմանագիր է կնքել

17:15, 11 սեպտեմբեր 2019 Տնտեսություն

Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) եւ Ամերիաբանկը կնքեցին 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամով վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում «կանաչ» ծրագրերի եւ երիտասարդ անձանց ֆինանսավորմանը: FMO-ն առաջին անգամ է Հայաստանում իրականացնում ՀՀ դրամով ֆինանսավորում սեփական միջոցների հաշվին: Յոթ տարի ժամկետով տրամադրվող վարկային միջոցներն ուղղվելու են վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայող ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաեւ մինչեւ 35 տարեկան անձանց առաջին անգամ բնակարանի ձեռքբերման, կրթության աջակցմանը կամ նրանց գերակշռող մասնակցությամբ իրավաբանական անձանց վարկերի տրամադրմանը: «Մենք բարձր ենք գնահատում մեր վաղեմի գործընկերոջ` Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի հետ արժեքավոր համագործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռեւս 2009 թ-ին: Շարունակելով արդյունավետ համագործակցությունը` այս պայմանագրով մենք նոր հնարավորություններ ենք ստեղծում երկրի տնտեսության զարգացման եւ բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման համար: Վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայող նախագծերի ֆինանսավորումը կնպաստի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների եւ բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը, իսկ երիտասարդների համար նախատեսված ֆինանսավորման նոր հնարավորությունները կնպաստեն երկրում ձեռներեցության զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը», - նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «FMO-ն բարձր է գնահատում Ամերիաբանկի հետ տարիների արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Տրամադրվող ֆինանսավորումն Ամերիաբանկին թույլ կտա շարունակել աջակցել վերականգնվող էներգետիկայի եւ էներգաարդյունավետության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաեւ երիտասարդ ձեռներեցներին», - նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր