Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Դավիթ Սանասարյանի պաշտպաններն այսօր Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն վարույթն իրականացնող մարմնին։ Այս մասին հայտնել է Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։
Նշենք, որ այսօր լրացել է գործի նյութերին ծանոթանալու 20 -օրյա ժամկետը և քննիչը պաշտպանների ներկայացրած միջնորդությունն ուսումնասիրելուց հետո պետք է որոշում կայացնի գործը դատախազություն ուղարկելու վերաբերյալ։
Նշենք, որ Դավիթ Սանասարյանի գործով նախաքննության ավարտ հայտարարվել էր օգոստոսի 21-ին, պաշտպանական խումբը 29 հատորանոց գործին ծանոթանալու համար 20 օր էր խնդրել։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը:
Ըստ ԱԱԾ-ի՝ Սանասարյանը հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Քննիչի կողմից միաժամանակ որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին։
Սանասարյանը, սակայն պնդում է, որ գործը կարված է և շինծու։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ քրեական գործով բազմաթիվ մարդիկ են հարցաքննվել` ինչպես ՊՎԾ աշխատակիցները, այնպես էլ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Եվ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Դավիթ Սանասարյանի դեմ միայն ցուցմունք է տվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության նախկին աշխատակից Սամվել Ադյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի սույն քրեական գործով, և ՀՀ առողջապահությանն նախարար Արսեն Թորոսյանը: Ի դեպ, նախաքննության փուլում Սանասարյանն ու նախարար Թորոսյանը առերեսվել են, վերջինիս հարցեր են ուղղել, սակայն նա, ըստ էության, ոչ մի հարցի չի կարողացել պատասխանել: Թերթի տեղեկություններով Սամվել Ադյանն էլ ցուցմունքը գրել է` սպառնալիքից ելնելով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս գործով որևէ այլ ապացույց կամ ցուցմունք չկա, և ամբողջ գործը կազմվել է վերը նշված անձանց ցուցմունքների հիման վրա։