Սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմաքսատան համար նախատեսված 5,5 հեկտարում է մեծածավալ շինարարությունն ընթանում: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ նոր շենքի հիմքերն են դրվել, իսկ այսօր արդեն շինարարական եռուն շրջանն է: Շինարարները քայլ առ քայլ իրականություն են դարձնում նախագիծը: Աշխատուժի պակաս էլ չկա: Այժմ շուրջ 160 հոգի է այստեղ աշխատում, սակայն հետագայում՝ 24-ժամյա գրաֆիկի անցնելիս` աշխատողների թիվը կարող է 350-ի հասնել: Իսկ տարածքում ստորգետնյա ջրերի բարձրացումը խնդիր չի առաջացնի. դեռևս նախագծման փուլում հետազոտություններ են արվել, ճարտարապետական ու շինարարական լրացուցիչ խնդիրներ են դրվել և հաղթահարվել: Հիմքերն ամուր են, բետոնացման ծավալները՝ նախատեսվածից ավելին: Շենքը շահագործման կհանձվի սահմանված ժամկետում. վերահաստել է կոմիտեի ղեկավարը: «Հոկտեմբերի 11-ին նախատեսված է կառույցի բացումը, դա մեզ համար կարևոր մարտահրավեր է: Մենք ինքներս մեզ համար մարտահրավեր ենք սահմանում և այդպիսի նշաձող: Կարծում եմ, որ ցանկացած ոլորտում, եթե ցանկացած նախաձեռնության մեջ հավակնոտ նշաձող չես սահմանում, ուղղակի հաջողություն չես ունենում և առաջընթաց չես ապահովում»,-ընդգծել է Դավիթ Անանյանը:
Շրջայցի ընթացքում ի հայտ եկած խնդիրների հետ կապված ՊԵԿ նախագահը խորհրդակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում: Նա հանձնարարել ի մի բերել շինարարական թերացումներն ու շտկել դրանք: Դավիթ Անանյանն ընդգծել է շինարարական աշխատանքները բարձր որակով և ժամանակին ավարտին հասցնելու անհրաժեշտությունը: