00:00:00

Արմեն Սարգսյանն այցելել է Սինոփսիս ընկերության գլխամասային գրասենյակ Սիլիկոնային hովտում

01:29, 29 մարտ 2018 Տնտեսություն

2018 թ. մարտի 16-ին Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սինոփսիս ընկերության գլխամասային գրասենյակ՝ տեղակայված Սիլիկոնային հովտի Մաունթին Վյու քաղաքում: Սինոփսիսի նախագահ և գլխավոր գոծադիր համատնօրեն դոկտոր Չի Ֆուն Չանը և Սինոփսիս Արմենիայի նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը ողջունեցին նորընտիր նախագահին և շնորհավորեցին նրան նոր պատասխանատվություն ստանձնելու կապակցությամբ։ Նրանք նաև արտահայտեցին իրենց հաստատակամությունը շարունակելու Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ջանքերը: «Հայաստանը Սինոփսիսի խոշորագույն գիտաարտադրական կենտրոններից մեկն է, որն ունի ճարտարագիտական փորձառություն և հաջող կրթական մոդելներ: Բիզնես-կրթություն-կառավարություն համագործակցությունն վճռորոշ դեր ունի ՏՏ էկոհամակարգի զարգացման համար: Սինոփսիսը հաստատակամ է շարունակել իր ներդրումները Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեջ, և մենք ակնկալում ենք միասին աշխատել Հայաստանը միկրոէլեկտրոնիկայի տարածաշրջանային կարևոր կենտրոն դարձնելու ուղղությամբ», – ասում է դոկտոր Չի-Ֆուն Չանը: «Տպավորիչ է Սինոփսիսի գործունեությունը Հայաստանում», – նշում է նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը: «Տեխնոլոգիական կրթության մեջ Սինոփսիսի կատարած ներդրումները նշանակալի ավանդ են Հայաստանի բարձր տեխնոլոգիաների տնտեսության առաջխաղացման մեջ: Սինոփսիսի կողմից բուհերի հետ համատեղ իրականացվող կրթական մոդելը լավ օրինակ է տարածելու համար»: Այցը մեկնարկեց հատուկ հանդիպումով, որի ընթացքում դոկտոր Չի Ֆուն Չանը ներկայացրեց կորպորատիվ ակնարկ ընկերության ձեռքբերումների վերաբերյալ` նշելով, որ ներկայումս ընկերությունն ունի ավելի քան 12200 աշխատող, և նրա տարեկան եկամուտը հասել է ~ 2.7մլրդ ԱՄՆ դոլարի: Խոսելով Սինոփսիսի արտադրանքների մասին, նա ավելացրեց. «Մենք հպարտ ենք, որ Սինոփսիսը կանգնած է այսօրվա տեխնոլոգիական նորարարությունների առանցքում, որոնք փոխում են մեր ապրելակերպը և աշխատելաոճը: Իրերի ինտերնետ: Ինքնավար ավտոմեքենաներ: Կրվող սարքեր: Խելացի բժշկական սարքեր: Ապահով ֆինանսական ծառայություններ: Մեքենայական ուսուցում և համակարգչային տեսլական: Այս առաջխաղացումները իրականություն են դառնում մի դարաշրջանում, որտեղ ամեն ինչ խելացի և ապահով է։ Ներկայումս սարքերը հավակնում են դառնալ ավելի ու ավելի խելացի, ամեն ինչ դառնում է փոխկապակցված, և ամեն ինչ պետք է լինի ապահով: Սինոփսիսն ունի ամենաարդիական ծրագրային գործիքները ինտեգրալային սխեմաների նախագծման, ստուգման, մտավոր սեփականության բլոկների ինտեգրման և կիրառական ծրագրերի անվտանգության ստուգման համար: Մեր տեխնոլոգիաներն օգնում են հաճախորդներին «Սիլիկոնից՝ ծրագրային ապահովում» նորարարությունների միջոցով շուկա իջեցնել խելացի, ապահով ամեն ինչ»: Այնուհետև Արմեն Սարգսյանը շրջայց կատարեց Սինոփսիսի տարածքում Չի Ֆուն Չանի և Երվանդ Զորյանի ուղեկցությամբ։ Նույն օրը Սինոփսիսում տեղի ունեցավ ՀԲԸՄ – Սիլիկոնային հովտի մասնաճյուղի կազմակերպած հատուկ ՏՏ-ֆորումը: Դոկտոր Երվանդ Զորյանը, ով նաև ՀԲԸՄ-ի Սիլիկոնային հովիտի մասնաճյուղի ղեկավարն է և ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ, վարեց հանդիպումը: Իր բացման խոսքում նա նշեց. «Նոր ընտրված նախագահը միավորում է փորձառու պետական ​​գործչի, նորարար գիտնականի և հաջողակ գործարարի տաղանդները: Ուստի զարմանալի չէ, որ, որպես նորընտիր նախագահ, նա ցանկություն է հայտնել հանդիպելու Հայաստանի մասին խորապես մտահոգված ՏՏ համայնքի հետ հենց Սիլիկոնային հովտում, որտեղ միահյուսվում են նորարարությունն ու ձեռներեցությունը: Զարմանալի չէ նաև, որ միջոցառումը կազմակերպել է ՀԲԸՄ Սիլիկոնային հովտի մասնաճյուղը՝ հաշվի առնելով Հայաստանում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործին իր երկարամյա նվիրվածությունը, և, որ համաժողովը հյուրընկալվել է Սինոփսիսում` հաշվի առնելով Հայաստանում իր գիտաարտադրական ​​կենտրոնի ունեցած բարձր հեղինակությունը»: Միջոցառման ընթացքում դոկտոր Արմեն Սարգսյանն իր տեսլականը կիսեց Հայաստանում ՏՏ զարգացման հնարավորությունների մասին: Նա հստակ ընդգծեց Հայաստանը նոր տեխնոլոգիաների կենտրոն դարձնելու համար Հայաստանի և Սփյուռքի ջանքերը համատեղելու կարևորությունը և արագ փոփոխվող աշխարհում երկրի ապագան նորարարության վրա կառուցելու անհրաժեշտությունը: 3 ժամ տևողությամբ քննարկումների թեմաները ներառում էին տեխնոլոգիաներից մինչև կրթություն, գիտություն և առողջապահություն: 200 մասնակիցների հետ այդ համաժողովում նորընտիր նախագահը ցանկացավ լսել երիտասարդ սերնդի ծրագրերի, մտքերի և մտահոգությունների մասին: Դոկտոր Սարգսյանը շատ ուշադիր էր յուրաքանչյուր հարցի և կարծիքի նկատմամբ, ցույց տալով վաղվա առաջնորդներին լսելու իր կամքը: Նորընտիր նախագահը արտահայտեց իր դիրքն օգտագործելու պատրաստակամությունը ջատագովելու ավելի բաց Հայաստան ունենալու գաղափարին հանուն Հայաստանի բնակիչների և Սփյուռքի: Նա ընդգծեց, որ իր Հայաստան-Սփյուռք օրակարգը ներառական է և կոչ է արեց համաժողովի մասնակիցներին և համայնքին հոգ տանել միմյանց համար և միասին աշխատել ներդրումներ ներգրավելու, կրթությունը խթանելու և գիտությունը զարգացնելու ուղղությամբ: Ազդեցիկ երեկոն ներկաների մոտ սերմանեց ոգևորություն Հայաստանի ապագայի նկատմամբ և պատրաստակամություն՝ նրա բարգավաճմանը նպաստելու համար: Ավելի վաղ՝ այս տարվա փետրվարին, դոկտոր Սարգսյանը ծանոթացել էր Սինոփսիսի գործունեությանը ընկերության մասնաճյուղ կատարած իր այցի շնորհիվ, որի ընթացքում նաև կայացել էր հանդիպում Հայաստանի ՏՏ համայնքի հետ, ինչպես նաև Սինոփսիս Արմենիայի Ուսումնական Դեպարտամենտի ուսանողների և դասախոսական կազմի հետ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր