Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման անցկացման պայմանավորվածության մասին, գրում է korrespondent.net-ը:
«Պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ և մեր երրորդ զրույցը կկայանա նորմանդական ձևաչափով գագաթնաժողովի շրջանակներում»,- հայտնել է Զելենսկին:
Ենթադրվում է, որ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերին։ Ուկրաինայի նախագահը կարծում է, որ արևմտյան առաջնորդների ներկայությամբ հնարավոր կլինի «կարևոր հարցերում պայմանավորվածություն ձեռք բերել»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ նորմանդական քառյակի բարձր մակարդակի հանդիպումը կկայանա սեպտեմբերին: Նա հստակ ամսաթիվ չէր նշել, սակայն նշել էր, որ գագաթնաժողովի ծրագիրը քննարկվել է Զելենսկու և Պուտինի հետ: