00:00:00

Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից. Թանդիլյան

22:55, 30 օգոստոս 2019 Տնտեսություն

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից: Կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու դեպքում՝ տնտեսական և ֆինանսական խնդիրները դառնալու են անխուսափելի: Կառավարությունը չի կատարում նույնիսկ բյուջեով նախատեսված ծախսերը, երբ երկրում կուտակված խնդիրները ուղղակի սահման չունեն և զարմանալի է, որ մենք ոչ միայն լրացուցիչ փողի կարիք չունենք, դեռ մի բան էլ՝ եղած փողը չգիտենք ինչի վրա ծախսել: Արդյունքում, կառավարության տնտեսական հեղափոխության պատասխանատուները բյուջետային գումարները նախընտրում են կենտրոնական բանկում ավանդ ներդնել՝ այն հասցնելով 300 մլրդ դրամի, ինչը երկու անգամ ավելի է նույնիսկ նախորդ տարվա ցուցանիշներից: Կուտակված գումարների նույնիսկ կեսը կապիտալ ներդրումներում ծախսելու դեպքում կապահովվի 2-2,5% տնտեսական աճ այս տարվա համար, որն էլ իր հերթին կբերի 50-70 մլն դոլար լրացուցիչ հարկային մուտքեր։ Արդյունքում տնտեսական ազդեցությունը կլինի ավելին, քան իշխանությունները վախենում են կորցնեն Ամուլսարի ներդրումը չկատարելու դեպքում: Ամուլսարի ներդրումից ավելի շատ ազատ միջոցներ կան բյուջեում, որը չի ծախսվում բանակի, առողջապահության, կրթության, սոցիալական խնդիրների և անվերջ ու անվերջ խնդիրների լուծման համար: Պատրաստ են արդյոք տնտեսական բլոկի պատասխանատուները փոխհատուցել այս ամենի արդյունքում տնտեսության կրած վնասները։ Ակնհայտ է, որ կառավարությունը չի տիրապետում ինչպես արագ և արդյունավետ ծախսումներ իրականացնել՝ օր առաջ լուծելով հասարակության խնդիրները: Ընդ որում, սա արդեն նկատվում է ամբողջ տարվա ընթացքում և չկա փոփոխության որևէ դինամիկա: Առաջիկայում հանդես կգամ առաջարկով՝ բյուջեում հավաքագրված գումարների արագ, թիրախային և արդյունավետ ծախսման վերաբերյալ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր