Առողջապահության նախարարություն տեղեկատվություն է ստացվել, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի 2 բնակիչ՝ ձեռքի մատների և դաստակի շրջանում խոցոտված վերքերով (սիբիրյան խոցի մաշկային ձև): Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, հիվանդները նշել են, որ մի քանի օր առաջ մասնակցել են համագյուղացու անկած կովի մսեղիքի կտրատման և մշակման աշխատանքներին:
Դեպքերի պատճառահետևանքային կապը բացահայտելու նպատակով Արմավիրի մարզի Գետաշեն համայնք են մեկնել առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետները: Ձեռնարկված աշխատանքների և տեղի առողջապահական կազմակերպության բուժաշխատողների հետ համատեղ կազմակերպված շրջայցի արդյունքում հայտնաբերվել է ևս 6 հոգի, որոնց մոտ եղել են սիբիրյան խոց հիվանդության մաշկային ձևին բնորոշ գանգատներ: Բոլորն ուղեգրվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց՝ կլինիկական վիճակի գնահատման նպատակով:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում` պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդաբանությամբ 5 հիվանդի մոտ հայտնաբերվել է սիբիրյան խոցի հարուցչի ԴՆԹ: Համայնքում սահմանվել է բժշկական հսկողություն:
Դեպքերի մասին անմիջապես տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, որի հետ համատեղ ձեռնարկվել են աշխատանքներ՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով: Աշխատանքները շարունակվում են:
Սիբիրյան խոցով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը հորդորում է՝
- Մի' գնեք պատահական վայրերից միս-մսամթերք,
- Մի' մոտեցեք անկած (սատկած) կենդանիներին, մի' ձեռք տվեք դրանց,
- Եթե պահում եք գյուղատնտեսական կենդանիներ և դրանց շրջանում նկատում եք առողջական խնդիրներ, ապա անհապաղ դիմեք անասնաբույժին,
- Եթե ձեր մաշկային ծածկույթների վրա նկատում եք խոցոտված վերքեր, բշտեր, կարմրակապտավուն բծեր, ապա մի' զբաղվեք ինքնաբուժմամբ և դիմեք բժշկական օգնության: