00:00:00

Բաքուն դժգոհ է. Երևանը սկսում է հաղթանակի ու խաղաղության պահպանման պաշար կուտակել․ «Ժամանակ»

14:08, 29 օգոստոս 2019 Մամուլ

«Ժամանակ»-ը գրում է․ «Հայաստանի իշխանությունը պետք է կողմնորոշվի՝ խաղաղությո՞ւն է ուզում, թե՞ իրավիճակի սրացում. Հայաստանում տեղի ունեցած դիվանագիտական ներկայացուցչությունների հավաքի ընթացքում արտգործնախարարի և վարչապետի ելույթներին արձագանքելով՝ հայտարարել է պաշտոնական Բաքուն: Բաքուն հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք չի համակերպվի ներկայիս ստատուս-քվոյի հետ, և համբերությունն անսպառ չէ: Ադրբեջանցիներին մշտապես «բարկացրել» է Երևանից հնչող որևէ համարժեք հայտարարություն՝ թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո: Ընդ որում, հեղափոխությունից հետո այդ հայտարարությունների թե՛ որակը, թե՛ հաճախականությունը բավականին ավելացել են, միաժամանակ էապես բարձրանում են սահմանվող նշաձողերը: Դրա վկայությունն են մարտի 12-ին և օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տարբեր ձևաչափերով պատմական ելույթները, որ ունեցել է Հայաստանի վարչապետը: Դրանք սահմանում են Արցախյան հարցում քաղաքական պատասխանատվության բարձր նշաձող, որի շրջանակում էին նաև Երևանում նախօրեին տեղի ունեցած դիվանագիտական հավաքի ընթացքում հնչած ելույթները: Այդ իմաստով Երևանի կողմնորոշումը հստակեցվում է՝ դա խաղաղության կողմնորոշումն է: Իսկ խաղաղությունը պահանջում է անցնող տարիների կամ բանակցային կոչված ամբողջ գործընթացի տրամաբանության և բովանդակության շրջադարձ: Այդ բովանդակությունը եղել է նոր պատերազմի գեներատոր, ինչի վառ և ցավալի վկայությունը Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան էր՝ այն իմաստով, որ այդ ագրեսիան արժանացավ հայկական բանակի հուժկու հակահարվածին, սակայն չարժանացավ միջազգային սկզբունքային մերժման: Որովհետև Բաքուն ագրեսիան կառուցել էր հենց այն բանակցային գործընթացի վրա, որ տեղի էր ունեցել մոտ քառորդ դար: Խնդիրն այն է, որ գործընթացի հիմքում եղել է հայկական կողմի հաղթանակի արդյունքի շուրջ «սակարկությունը»: Հիմա Երևանը հայտարարում է, որ բանակցության նպատակը պետք է լինի հաղթանակի արդյունքի պաշտպանությունը: Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում: Խնդիրն այն չէ, որ մինչ թավշյա հեղափոխությունը Երևանը չի փորձել պաշտպանել այդ արդյունքը: Սակայն բուն խնդիրն այն է, որ փորձը եղել է, այսպես ասած, «երկդիմիության» տրամաբանության մեջ՝ բանակցային առարկան եղել է «փոխզիջումը», ինչն այլ բան չէ, քան պարզապես հաղթանակի արդյունքի շուրջ սակարկություն, իսկ ներսում հարցադրումներին պատասխան է տրվել, թե իրականում այդպես խոսում են, բայց ոչինչ էլ չեն հանձնելու: Իհարկե, մի կողմ թողնենք ապրիլյան քառօրյայի վերաբերյալ տարբեր վարկածները, դա առանձին թեմա է, նաև զգալիորեն մանիպուլացվող թեմա: Ի վերջո, Ստեփանակերտում Փաշինյանն էլ հայտարարեց, որ «հանձնելու» մեղադրանքներից պետք է անցնել՝ անցյալով, ներկայով ու ապագայով: Խնդիրն այստեղ այն է, որ իրականում «երկդիմի» քաղաքականությունը՝ միջազգային մակարդակում արդյունքի «սակարկություն» անելը, համոզվածությամբ, որ հնարավոր է խորամանկել և տարբեր պատճառներից և առիթներից օգտվելով միշտ խուսափել սակարկության իրականացման իրավապայմանագրային ակտից, փաստարկային առումով ծանրացնում է Բաքվի, ոչ թե Հայաստանի պաշարը: Ապրիլին Բաքուն սպառեց այդ կուտակած պաշարը ապարդյուն՝ հայկական բանակի հերոսության և հանրության կամավորական ջանքի շնորհիվ: Բայց եթե չի փոխվում հայկական քաղաքականության տրամաբանությունը, պաշարը դարձյալ շարունակելու է կուտակվել Բաքվի կողմում՝ այդպիսով կուտակելով նոր պատերազմի լիցքեր: Այդ իմաստով թավշյա հեղափոխությունը Երևանի համար շրջադարձի հնարավորություն է, ինչն ակնհայտորեն փորձ է արվում օգտագործել՝ 25-ամյա «երկդիմի սակարկության» մարտավարությունից պարզապես շահի ու հաղթանակի համար պատասխանատվության ուղիղ քաղաքականության ռեժիմ դուրս գալու համար: Բաքվի դժգոհությունը հասկանալի է, որովհետև այդ պարագայում չափազանց բարդանում է նոր պատերազմի պաշար կուտակելը՝ բոլոր առումներով, և հաղթանակի ու խաղաղության պահպանման պաշար սկսում է կուտակել Երևանը: Իհարկե, այդ գործընթացը դեռևս կանցնի բավականին բարդ ներքին ու արտաքին փուլերով: Սակայն հակառակ պարագան ամենևին չի խոստանում ավելի դյուրին իրավիճակներ, այլ հակառակը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր