00:00:00

Հավանության է արժանացել 23,76 մլրդ դրամ արժողությամբ շուրջ 483 սուբվենցիոն ծրագիր. Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել

21:42, 27 օգոստոս 2019 Տնտեսություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետերի մասնակցությամբ, որին ներկա են գտնվել նաև ոլորտային փոխնախարարներ։ Օրակարգային հարցերի շրջանակներում նախարար Պապիկյանին է զեկուցվել գործող ներմարզային երթուղիների, չսպասարկվող համայնքներից դեպի մարզկենտրոն և մարզի քաղաքներից դեպի Երևան ուղղություններով փաստացի ուղևորահոսքերի առկա ծավալներն ու ոլորտի առողջացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները։ Միասնական երթուղային ցանցի մշակման աշխատանքներին զուգահեռ նախարարը մարզպետներին հանձնարարել է նախնական վիճակագրություն դուրս բերել կանոնավոր երթուղային ցանցի խնդիր ունեցող համայնքներում ուղևորահոսքի և դրա հաճախականության վերաբերյալ՝ ընդգծելով կարճ ժամանակահատվածում ոլորտում փոփոխություններ արձանագրելու անհրաժեշտությունը։ Հաջորդիվ անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 21-ին՝  Անկախության տոնի կապակցությամբ,  Գյումրի քաղաքում անցկացվելիք տոնական միջոցառումներին, ինչի առնչությամբ նախարարը կարևոր է համարել Հայաստանի բոլոր մարզերի ներկայացվածության  ապահովումն իրենց կոլորիտով, պատմամշակութային բովանդակությամբ և արվեստի գործերով։ Նախարարին է ներկայացվել նաև համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գծով կատարողականը, որը կազմել է 25,5 մլրդ  դրամ, ինչը նախորդ տարվա հունվար-հուլիս ժամանակահատվածի նկատմամբ ավելի  է 3,3 մլրդ  դրամով կամ 14,8 տոկոսով։ Նշվել է նաև, որ ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից այս տարի ստացված 560 սուբվենցիոն հայտերից հավանության է արժանացել 483 ծրագիր՝ ընդհանուր 23,76 մլրդ դրամ գումարային արտահայտությամբ։ ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 12,95 մլրդ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 10,27 մլրդ դրամ, այլ ներդրումներ՝ մոտ 400 մլն դրամ։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզերում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներին, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման թափանցիկության ապահովման հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր