Պետական գույքի կառավարման կոնիտեում այսօր տեղի ունեցավ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը: Թափուր պաշտոնին հավակնում էին չորս հոգի, սակայն մրցույթին ներկայացել էին նրանցից երկուսը՝ Արման Աբրահամյանը և Արեգ Հայրապետյանը: Արդյունքում մրցույթում հաղթեց Արման Աբրահամյանը։
Լրագրողներին արգելվել է լուսաբանել մրցույթի անցկացումը։
Ընդգծենք, որ Արման Աբրահամյանը մինչ այս գլխավոր տնօրենի պաշտոնակատարն էր։ Արման Աբրահամյանը և Արեգ Հայրապետյանը մրցույթի ընթացքում պատասխանեցին հարցատոմսերի ու բանավոր հնչող հարցին:
Մրցույթին մասնակցող թեկնածուները նաև ներկայացրին, թե ինչ ծրագրեր ու տեսլականներ ունեն՝ «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի հետ կապված։ Մրցույթի մասնակիցներին գնահատող մասնագետները ներկայացված էին պետգույքի կոմիտեից, վարչապետի աշխատակազմից, հանձնաժողովում ներառված էին նար ՀԿ-ների ներկայացուցիչներ։
Մրցույթի ավարտին հանձնաժողովի նախագահը հայտարարեց մասնակիցների գնահատականների մասին․ Արման Աբրահամյանը ստացավ 37,8 միավոր, իսկ Արեգ Հայրապետյանը՝ 31,2, արդյունքում հաղթող ճանաչվեց Արման Աբրահամյանը։
Նշենք, որ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Արման Աբրահամյանը, ով հաղթող է ճանաչվել վայելում է օրվա իշխանությունների «դաբրոն» եւ բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանի հետ։ Ըստ էության այս ամենն էլ հիմք է հանդիսացել, որպեսզի փակ պատերի ներսում, լրագրողների աչքերից հեռու իմիտացիոն մրցույթ կազմակերպվի եւ իրենց թեկնածուն հաղթի։
Irakanum.am-ի հետ զրույցում Արեգ Հայրապետյանը նշեց՝ բողոքարկել է մրցույթի արդյունքները։ Նրա խոսքով՝ մրցույթի ընթացակարգում խախտում է եղել։ «Մրցույթի երկրորդ մասը՝ բանավոր հարցերը նախատեսված չեն եղել, այսինքն՝ երբ մենք պատասխանեցինք հարցատոմսերի հարցերին, դրանով մրցույթը պետք է ավարտվեր և որոշեին՝ ով է հաղթողը, և ըստ իս՝ երկուսս էլ հաղթող պիտի լինեինք։ Իսկ մրցույթի հաջորդ փուլը օրենքով նախատեսված չէ։ Պետական գույքի կառավարման վարչության պետի (այն ամանակ վարչություն էր, կոմիտե չէր) 2012 թ․ թիվ 105 հրամանը սահմանում է՝ ինչպես պետք է անցկացվի մրցույթը։ Այդ կարգով այս երկրորդ փուլը նախատեսված չի եղել։ Ընդ որում, դա նորմատիվ իրավական ակտ է, այնպես որ, այնտեղ փոփոխություն կատարել էլ չի կարելի․ դա պետք է գնա Արդարադատության նախարարություն, համաձայնեցվի հրապարակվի․․․ », - նշեց Արեգ Հայրապետյանը։
Հարցին՝ աչառու մոտեցումներ նկատեցի՞ք մրցույթի ընթացքում՝ միտված նրան, որ Արման Աբրահամյանը հաղթի մրցույթում, Արեգ Հայրապետյանը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ նման գնահատականներ չէի ուզենա տալ։ Պարզապես, կոմիտեի նախագահի տեղակալը բանավոր հարցերի ժամանակ ակնարկեց, որ իմ նախկին աշխատավայրում ես ունեմ կարգապահական տույժ, այսինքն՝ նկատողություն ունեմ, որը Արման Աբրահամյանն էր հայտարարել։ Ես այդ նկատողության հետ կապված՝ բողոքարկել եմ, քանի որ աշխատանքի վայրից բերված բնութագիրը նման կետ չէր պարունակում։ Պետք չէր մրցույթի ժամանակ դրա վրա հղում կատարել, նշել այդ մասին, առավել ևս, որ ես մի անգամ կոմիտեի նախագահին եմ բողոքարկել, իսկ երկրորդ անգամ բողոքարկել եմ դատարանում՝ դրա հետ կապված», - ասաց Արեգ Հայրապետյանը՝ նշելով՝ այժմ աշխատում է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ում՝ որպես այդ ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու»։
Հարցին՝ իսկ առաջիկայում պատրա՞ստ եք նաև դատական կարգով լուծել վերը նշված խնդիրը, Արեգ Հայրապետյանը պատասխանեց․ «Չեմ կարող ասել։ Միգուցե, անվավեր ճանաչվի բանավորի մասով ու կստացվի, որ մենք երկուսս էլ հաղթող ենք․ ես այդ դեպքում խնդիր չեմ ունենա, քանի որ ըստ իս՝ ես էլ, պարոն Աբրահամյանն էլ ամբողջությամբ պատասխանել ենք տոմսերին, թեպետ ինքը մի փոքր անհստակ, բայց մեկ է՝ պատասխանեց և չեմ գտնում, որ պիտի վերագնահատվի հարցատոմսերի՝ իր այդ գրավոր պատասխանը։ Եթե երկուսս էլ հաղթող ճանաչվենք, կոմիտեի նախագահը պետք է ընտրեր և պետք է բացատրեր, թե ինչու է ընտրում այս կամ այն թեկնածուին, եթե նրան կառաջադրվեր այդպիսի հարց, ոչ թե մրցույթում հաղոթղ ճանաչվեր պարոն Աբրահամյանը՝ անհասկանալի կերպով, բանավոր հարցերով, անհասկանալի գնահատականներով», - ասաց Արեգ Հայրապետյանը՝ շեշտելով՝ բողոքարկումը գրել է, մուտք է արել գրասենյակ, իսկ թե այն ինչ ընթացք կստանա, դժվար է ասել։
Irakanum.am