00:00:00

«Առավոտ». Իրենց կուռքին փառաբանելով կամ իրենց «հակահերոսին» փնովելով մարդիկ հովացնում են իրենց սրտերը

13:41, 14 օգոստոս 2019 Մամուլ

«Առավոտ» թերթը գրում է. «Մասնագետները խորհուրդ են տալիս՝ երբ կայքում կամ Ֆեյսբուքում մարդիկ մեկնաբանություն են գրում ձեր նյութի տակ, պատասխանեք նրանց՝ այդպիսով խրախուսելով բանավեճ և, վերջին հաշվով, ավելացնելով ձեր նյութի դիտումների քանակը: Խորհուրդը, հավանաբար, հիմնված է արևմտյան դասագրքերի, սեմինարների և թրեյնինգների վրա ու ենթադրում է բանավեճի որոշ­ակի մշակույթ: Բայց Հայաստանում, հայ իրակա­նության մեջ մեկնաբանություններին պատասխանելը, որպես կանոն, կհանգեցնի անպտուղ լեզվակռվի՝ անձնավորված մեղադրանքներով: Ես իսկապես չգիտեմ, թե ինչ պիտի պատասխանեմ, մասնավորապես, aгavot.am կայքում մեկնաբանություններին: Որովհետև, անկախ նրանից, թե ին­չի մասին եմ ես գրում (թեկուզ ֆուտբոլի), մեկնաբանությունները սովորաբար այն մասին են, թե որբան վատն են 1-ին, 2-րդ, 3-րդ նախագահնե­րը և ներկայիս վարչապետը: Կա՜ճ նրանցից մեկը, կա´մ 2-3-ը, կամ երբեմն նաև՝ չորսը միասին: Ինչ բանավեճ կարելի է հրահրել դրա շուրջ: Ես պատմաբան չեմ, որ ընթերցողների հետ վիճեմ՝ այս մեկը ազգի դավաճան է, թե դավաճան չէ: Ես նաև դատավոր չեմ, որ վճռեմ՝ սա հան­ցագործ է, սա հանցագործ չէ: (Եվ, ի դեպ, հիշ­յալ անձանցից որևէ մեկի նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա): Եվ ընդհանրա­պես՝ եթե ես նման դատողություններ անեմ, ապա կդառնամ քաղաքական պայքարի կողմ, քանի որ մեր երկրում հիշյալ պայքարը ծավալվում է հիմնականում այդ չորսի ֆանատների և ատողների միջև, իսկ կողմ դառնալը հակասում է լրագրության մասին իմ պատկերացումներին: Հասկանում եմ, որ մարդիկ իրենց հույզերն են պարպում, և իրենց կուռքին փառաբանելով կամ իրենց «հակահերո­սին» փնովելով, հովացնում են իրենց սրտերը, գու­ցե նաև՝ կարծում են, թե պայքարում են արդարու­թյան համար: Դեմ չեմ՝ Աստված բոլորին առող­ջություն տա: Պարզապես ես իմ տեղը չեմ տեսնում այդ բանավեճում: Նույն պատճառներով ես չեմ կարող կողմ դառնալ անգամ այն դեպքում, երբ բանավիճում են բարձր ինտելեկտի տեր մարդիկ և իմ բարեկամները: Վերջերս, օրինակ, իմ ընկերները ֆեյսբուքյան տարածքում վիճեցին Վանո Սիրադեղյանի մասին: Որքան էլ ես հարգեմ Վանոյին և շնորհակալ լինեմ նրան «Առավոտ» թերթը հիմնելու համար, ես չեմ կարող լինել նրա փաստաբանը: (Հիշում եմ, դատավարության որոշակի փուլում այդ դերն էր ստանձնել լուսահոգի Ռուբեն Ռշտունին): Բնակա­նաբար, չեմ կարող և չեմ ուզում լինել նաև մեղադրողի դերում: Ինձ թվում է, լավագույն լուծումը կլինի այն, որ նա վերադառնա Հայաստան և դա­տավարությունը շարունակվի: Եթե դատարանը Վանոյի արարքների մեջ հանցակազմ չգտնի, շատ լավ: Եթե գտնի, ապա, եթե ես լինեի որոշում ըն­դունողների տեղը, նրան անմիջապես ներում կշնորհեի, հաշվի առնելով այդ գործչի թե´ տարիքը և թե´ ծառայությունները: Բայց մտնել մեղադրանքների և արդարացածների դաշտ, կարծում եմ, իմ առաքելությունը չէ: Չէ, ինձ մոտ չի ստացված բանավեճ բորբոքել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր