ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀԴՄ սարքերի ազատականացման գործընթացին։
Ըստ Դավիթ Անանյանի ՝ ցավոք սրտի, այսօր մեկ ընկերություն կա, որ արդեն հայտարարել է, որ ունենալու է ՀԴՄ սարքերի որոշակի խմբաքանակ:
«Կուզեինք, որ ոչ թե լիներ մեկը, այլ 11-ը կամ 101-ը, եւ այդ գործընթացը լիներ ոչ թե հիմա, այլ ասենք 5 կամ 6 ամիս առաջ»,- ասաց Անանյանը:
Դիտարկմանը՝ հնարավո՞ր է, որ ՊԵԿ-ը խոչընդոտում է այդ գործընթացին, Դավիթ Անանյանն արձագանքեց. «ՊԵԿ-ը խոչընդոտներ չի ստեղծել։ Եթե այդպիսի հայտարարություններ կան, կուզեմ, որ փաստեր ներկայացվեն, այլապես մենք դա կհամարենք պարզ ու պրիմիտիվ հերյուրանք»։
Անանյանի խոսքով՝ ազատականացման գործընթաց է եղել, սակայն բիզնեսը չի արձագանքել։
«Ազնվորեն ասեմ, որ մենք հակված չենք ՀԴՄ-ների նոր խմբաքանակ ձեռք բերել: Մեր դիրքորոշումն այնպիսին է, որ եթե այս ընթացքում կլինեն գործարարներ, որոնք կլցնեն շուկան համապատասխան տեխնիկական հնարավորություն ունեցող ՀԴՄ-ներով, ապա կվերանայենք մեր դիրքորոշումը, բայց գնում կկատարենք այն ժամանակ, երբ բիզնեսը կարձագանքի մեր ազատականացման քաղաքականությանը:
Մենք ազատականացրել ենք, բայց բիզնեսը չի արձագանքել: Մենք հիմա մոտ 10 հազար դիմումներ ունենք, որը չենք կարողանում բավարարել, քանի որ ունենք սահմանափակ քանակություն, որն էլ տրամադրում ենք սահմանամերձ շրջաններում գործունեություն ծավալողներին»,- ասաց Դավիթ Անանյանը: