«Մենք շարունակում ենք ասֆալտին փռելը։ Այն պահից, երբ խստացրել ենք մեր մոտեցումներ և դադարել հանդուրժող լինելն իրավախախտների նկատմամբ, մարդիկ կան, որ հասկացել են ՝ Հայաստանի Հանրապետությունն ավելի օրինապաշտ է դարձել»,-այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ոստիկանությունը շարունակում է ասֆալտին փռելու իր գործողությունները։
Ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը նկատեց, որ ըստ վիճակագրական տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում հանցագործությունները աճել են 1007 դեպքով, ինչը մեծամասամբ պայմանավորված է գողությունների թվի ավելացմամբ:
Արմեն Ղուկասյանը նկատեց, որ 253-ով աճել է նաև ծանր հանցագործությունների թիվը, այդ թվում՝ կաշառքի, սպանությունների, տրանսպորտային միջոցներ առևանգելու դեպքերով։
«Ոստիկանության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում առգրավվել և բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է 320 միավոր հրազեն, նախորդ տարի եղել է 314: Սա նույնպես բավական բարձր ցուցանիշ կարելի է համարել, որ որքան մենք առգրավում ենք, այդքան ապօրինի շրջանառության մեջ գտնվող հրազենի թիվը պակասում է»,- ասաց Ղուկասյանը:
Գնդապետը նշեց, որ իրատեսական չէ ակնկալել, թե տարեց տարի ապօրինի հրազենի առգրավման թիվն աճելու է: