«Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի քավոր, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն օրերս հանդիպել է Հայաստանում ՄԱԿ–ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) պատվիրակության հետ։
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի քաղաքական երկխոսության եւ սահմանադրական գործընթացների փորձագետ քաղաքագետ Ջեյսոն Գլյուկի խնդրանքով՝ վերջինս ներկայացրել է Հայաստանում դատաիրավական համակարգում առկա իրավական հիմնախնդիրները։ Եվ այստեղ էլ Վ. Վարդանյանը բացել է բողոքի տոպրակն ու ամեն կերպ փորձել եվրոպացիներին հասկացնել, թե իրենք պուպուշ են, դատարանները՝ չէ։
Վ. Վարդանյանը, մասնավորապես, նշել է, թե այսպես ասած, թավշյա հեղափոխությունից հետո, իշխանությունները բազմիցս հրապարակայնորեն հայտարարել են, որ բացառելու են եւ թույլ չեն տալու որեւէ միջամտություն դատարանների գործունեությանը։ Միեւնույն ժամանակ, նշել է, թե դատական իշխանության անկախություն նշանակում է ոչ միայն անկախություն գործադիր կամ օրենսդիր իշխանությունից, այլ, նախեւառաջ, որևէ արտաքին միջամտությունից, ապա հավելել.
«Ցավոք, դեռ դատական համակարգում նկատվում են արատավոր ավանդույթներ, եւ ամիսներ առաջ կաշառք վերցնելու մեղադրանքով քրեական հետապնդում է հարուցվել դատավորներից մեկի նկատմամբ»։