ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Իջևան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության և խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից, տեղեկացնելով, որ 13 անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս պահին վարչապետի ծննդավայրում իրավիճակը հանգիստ է, սակայն չի բացառվում, որ «անտառի տղեքը» դարձյալ անցնեն գործի։
Իջեւանյան զարգացումներին սթափ գնահատական տրվել է գործող իշխանությունների կողմից, իրավապահ մարմինների արձագանքը եւս հստակ էր։
«Ինձ համար զարմանալի է, որ Հայաստանում հնչում են ձայներ, թե ապօրինի ծառահատումներն այդ մարդկանց հացի փողն էր։ Սա ինձ համար անհասկանալի մոտեցում է, որովհետև 1000 դրամ վերցնող երբեմնի ՃՈ աշխատակցի համար այդ 1000 դրամն էլ իր ապրուստի փողն էր, կոռուպցիոների վերցրած կաշառքը իր ապրուստի փողն է, գողություն անողի ապրուստի փողն իր գողություն է։ Մենք այսպիսի կոմպրոմիսների չենք գնալու։ Մենք այսօր արդեն ստեղծել ենք բավարար դաշտ, որ ՀՀ քաղաքացիները ստեղծարար աշխատանքով իրենց հացը վաստակելու հնարավորություն ունենան։ Այս հնարավորությունները դեռ կատարելության չեն հասել, մենք հետևողականորեն աշխատելու ենք այս ուղղությամբ»,–ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Իջեւանում տեղի ունեցած իրադարձություններից։
Հայաստանի ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի՝ տեղում գտնվելը եւ իրավիճակին հետեւելն ու հնարավոր սադրանքները կանխելը եւս փաստում է այն մասին, որ գործ ունենք նոր իրողության եւ իրավիճակի փոփոխության հետ։ Մեղադրական սլաքները, որոնք ուղղվում են տարբեր կենտրոններից իրավապահ մարմինների ուղղությամբ արդարացի չեն։ Հուլիսի 17-ի ցույցը ցրվել է իրավաչափ, որովհետև երբ փակվում է միջպետական ճանապարհ ու բռնություն է գործադրվում իրավապահների հանդեպ, ապա ցույցը դադարում է խաղաղ լինել ու պետք է կասեցվի նույնիսկ հարկադրանքի միջոցով, ինչը և արել է ոստիկանությունն՝ առանց հատուկ միջոցների կիրառման։
Այս առումով՝ ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ ու որևէ աղերս չուենք մինչհեղափոխական իրականության հետ, երբ քաղաքացիների հավաքը ճնշվում էր դաժանությամբ՝ ոտանահարելով մարդկային տարրական իրավունքներ։
Վերադառնալով «անտառի տերերին» պետք է արձանագրել, որ առավել քան հստակ է, որ Իջեւանի բնության գրկում իրականում տարիներ շարունակ տեղի է ունեցել գողություն, որը պետք է կանխվեր, ինչը եւ արվել է։
Իրավապահ մարմինների սթափ գնահատականն ու համբերատար աշխատանքը տվել են իրենց արդյունքները։ Հետհեղափոխական Հայաստանում հերթական աղետն է կանխվել։
Irakanum.am