00:00:00

Իշխանությունը մշակել է Հայկ Մարությանից ազատվելու ծրագիրը

23:08, 21 հուլիս 2019

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ծաղրում է կատակերգու դերասան Հայկոյին։ Եվ այսպես Իմ քայլը դաշինքը ֆեյսբուք սոցիալական ցանցում հետեւյալ հարցադրումն է անցկացնում՝ որքան ե՞ք պատրաստ վճարել բարելաված երթուղայիններից օգտվելու համար։ Իհարկե հեղափոխականները նաեւ գին են սահմանել, առաջարկելով ՀՀ հպարտ քաղաքացիներին ընտրել կամ 150 դրամը, կամ 200 և ավելի։ Թե քաղաքային իշխանության որ ներկայացուցչի պայծառ ուղեղում է ծնել տրանսպորտի սակագինը բարձրացնելու գաղափարը, հարցի միայն մի կողմն է։ Երեւանի քաղաքապետարանի ներկայիս ղեկավարներն ու մյուս մանր տրամաչափի չինովնիկները, ինչպես հայտնի է տարիներ առաջ կոկորդ էին պատռում, գլխավերևներում տարբեր հաստության եւ երկարության պաստառներ պահում, այդ կերպ իրենց անհամաձայնությունը հայտնելով նախկին իշխանությունների, ավելի ճիշտ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տարոն Մարգարյանի՝ տրանսպորտի սակագինը բարձրացնելու առաջարկությանը։ Շատերն են հիշում, թե ինչպես էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, այդ ժամանակ թողնելով բեմը վազում փողոցներ, սեփական մեքենայով մարդկանց տեղափոխում, իսկ հարցազրույցներում էլ պնդում, թե գործող տրանսպորտային համակարգը կարելի է բարելավել, առանց սակագնի փոփոխության։ Ավելին նախկին ընդդիմադիրները, որոնք այսօր նստել են փափուկ բազկաթոռներին, դարձյալ ՀՀ հպարտ քաղաքացիներին ամեն կերպ փորձում էին ապացուցել, որ իրականում նախկին իշխանությունները տրանսպորտի գինը բարձրացնում են, որ հարստանան, որ իրենց գրպանները լցնեն։ Հիմա, երբ Մարությանն ու իր թիմն են նախաձեռնել նման գործընթաց, միանգամայն արդարացի հարց է առաջանում, իսկ դո՞ւք չեք հարստանում, նույն կերպ կա մտավախություն, որ տրանսպորտի սակագինը բարձրացնելու անվան ներքո պարզապես սեփական գրպաններդ եք ուզում լցնել։ Հարցն իհարկե հռետորական է, բայց նույնքան տրամաբանական, որքան նրանց այդ պնդումները նախկին իշխանությունների վերաբերյալ։ Այն, որ Հայկ Մարությանին Երեւանի քաղաքապետի պաշտոնում չհաջողվեց փոփոխություններ իրականացնել, ակնհայտ է, եւ վառ երևակություն ունենալ պետք չէ։ Մայրաքաղաքում համատարած աղբ է, մահվան գազելներն ու վերելակները նույնն են, բայց մեկ փոփոխություն իրապես արվել է։ Հայկ Մարությանը պարտաճանաչ պարգեւատրումներ է սահմանում քայլածների համար։ Տրանսպորտի սակագնի հնարավոր բարձրացման թեմայով քննարկումներն անգամ դատապարտված են վախճանի, եւ սկիզբ են դնելու Հայկ Մարությանի քաղաքական կարիերայի ավարտին։ Չի բացառվում, որ այս սցենարը հենց իշխանական վերնախավինն է։ Ժամանակն է մի քանիսին «փուռը տալ», որպեսզի արդարացվեն սեփական բացթողումները։ Սա ըստ էության «կարգին քաղաքապետին» հրաժարվելու ծրագիր է։  Արդյո՞ք Մարության Հայկը կխաղա այս խաղը, թե կանի սեփական քայլը՝ կհեռանա արժանապատիվ, վերահաստատելով իր դիրքորոշումը՝ տրանսպորտի գինը չպետք է բարձրանա։ Թե ինչպես կզարգանան իրադարձությունները աշնանը ցույց կտա ժամանակը, իսկ առայժմ ակնհայտ է, որ չինովնիկ Մարությանին հաջողվում է հաղթել դերասան Հայկին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր