00:00:00

4 մլրդ 87 մլն 871 հազար դրամ ՝ Ջրպետկոմին. նոր տարին զրոյական պարտքով մտնելու համար

17:13, 04 հուլիս 2019 Տնտեսություն

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր գումար հատկացնել ՀՀ Ջրային պետական կոմիտեին։ «Սա մեր ամենախնդրահարույց համակարգերից մեկն է, համակարգ, որտեղ տարիներ շարոնակ կուտակվել են հսկայական պարտքեր», - ասաց նա։ Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում բազմաթիվ աղմկահարույց բացահայտումներ են կատարվել․ «Ջրօգտագործողների ընկերության՝ դեռևս անցած տարիներից կուտակած պարտքից զատ, 2018 թվականի ընթացքում կուտակված պարտքերը կազմել են  6 միլիարդ 941  միլիոն դրամ՝ «Ամերիա» բանկին վարկի տեսքով», - նշեց Սուրեն Պապիկյանը։ Նա ասաց՝ տարիներ շարունակ Ջրօգտագործողների ընկերությունները տարեվերջին ՀԷՑ-ին պարտքը մարելու համար դիմել են բանկերին ու ստացած գումարը մյուս տարվա ստացած դոտացիայով փորձել են փոխհատուցել ու ամեն տարվա մեկնարկին համակարգը մարել է նախորդ տարվա պարտքը։ Սուրեն Պապիկյանն ասաց, որ կառավարությունը, գոնե վերջին տարիների համար, նախադեպ չունեցող քայլ է կատարում։ «Առաջարկում ենք գումար տրամադրել համակարգին ու սա բերելու է նրան, որ աշնանը համակարգը մտնեկու է նոր տարի այլևս զրոյական պարտքով, սա պահանջում է հետևողական աշխատանք», - ասաց նա։ Նախարարն ընդգծեց՝ կոչ է անում քաղաքացիներին պարտաճանաչ վճարել ջրի դիմաց ու հետևողական լինեն, որ գումարները հասնեն իրենց նպատակին։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն  էլ ասաց, որ պետք է արձանագրել՝ կա համակարգային խնդիր։ «Ու ամենակարևոր հարցը, որ պետք է քննարկենք այս գումարները տրամադրելուց, այն է, թե վերջապես ե՞րբ ենք կարողանալու նստել  ու քննարկել համակարգային ու խորքային փոփոխությունները», - ասաց Տիգրան Ավինյանը։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց, որ գործերը քննվում են, որպեսզի պատճառված վնասները վերականգնվեն։ Այսպիսով՝ Ջրային կոմիտեին 2019թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 4 միլիարդ 87 միլիոն 871 հազար դրամ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր