«Փաստ»-ը գրում է.
Նախօրեին Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները վաղ առավոտից փակել էին գործարանի բոլոր ելքերն ու մուտքերը, ինչպես նաեւ միջպետական երկաթգիծը: Պատճառն այն է, որ մոտ 200 հոգու ազատել են աշխատանքից:
Խնդրի մասին «Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում նշել է՝ փաստելով, որ հարցը գնալով ձնագնդի էֆեկտ է ստանում: Թերթի տեղեկություններով, Ալավերդիում եւ հարակից գյուղերում Ալավերդու պղնձաձուլարանի եւ Թեղուտի փակման հետ կապված լուրջ բունտ է հասունանում, եւ առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում:
Մասնավորաբար՝ թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ բնակիչներն առաջիկայում որոշել են բլոկադայի ենթարկել քաղաքի ընդհանուր լոգիստիկ համակարգը՝ մի քանի օրով փակելով մայրուղին եւ երկաթգիծը։