00:00:00

Ինչո՞ւ չընտրվեց ԲԴԽ անդամի՝ իշխող ուժի առաջադրած թեկնածուն. «Ժողովուրդ»

13:12, 02 հուլիս 2019 Մամուլ

«Ժողովուրդ»-ը գրում է․ «Երեկ «Իմ քայլը» խմբակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու առաջադրված Աննա Մարգարյանն անհրաժեշտ ձայներ չստացավ ընտրվելու համար: Իշխանության կողմից առաջադրված թեկնածուն ստացավ 66 կողմ և 19 դեմ ձայներ և այսպիսով չընտրվեց: Քվեարկությանը մասնակցել էր 85 պատգամավոր: Իշխանական պատգամավորներն այս փաստը մեկնաբանում են իրենց խմբակցության մեծ թվով բացականերով, ինչի պատճառը գործուղումն է: Սակայն ընդգծենք, որ առավոտյան գրանցված է եղել 103 պատգամավոր, և «Իմ քայլը» խմբակցությունում եղել են այնպիսի պատգամավորներ, որոնք առավոտյան գրանցված են եղել, սակայն քվեարկությանը չեն եկել: «Ժողովուրդ» օրաթերթը նաև տեղեկացավ, որ քվեարկությանը զուգահեռ «Իմ քայլ»-ի պատգամավորներն անընդհատ զանգերի մեջ են եղել, փորձել են առավոտյան բոլոր գրանցված պատգամավորներին գտնել և բերել քվեարկության, սակայն չի հաջողվել: Բանն այն է, որ այդ ամենի պատասխանատուն իրականում Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանն է, և հենց նրա վրա է դրված եղել քվեարկությունը պատշաճ կազմակերպելու պարտականությունը: Շատ պատգամավորների քվեարկության այլ ժամ է ասվել, հետո փոխվել է: Մի շարք օրենս­դիրներ տարբեր հանդիպումների են եղել և չեն հասցրել գալ մինչ քվեարկության ավարտը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց քվե­արկությունից անմիջապես հետո մեզ հուզող հարցերի պատասխանները ստանալ հենց Վահագն Հովակիմյանից, պարզել, թե ին­չու չի ստացվել գործընթացը պատշաճ կազմակերպել: Սակայն գնալով պատգամավորի աշխատասենյակ՝ հայտնաբերեցինք, որ շենքից արդեն դուրս է եկել, իսկ դրանից հետո նրան ուղղված զանգերն ու նամակներն այդպես էլ անպատասխան մնացին»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր