Խորհրդարանում քննարկվում է 2018 թվականի բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվությունը։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ 2018 թվականին հաջողվել է պահպանել մակրոկայունությունը, հարկաբյուջետային ու ֆինանսական համակարգի կայունությունը, ըստ այդմ՝ նախատեսված ծրագրերը կատարվել են ակնկալված չափերով։
Ֆինանսների նախարարը շեշտեց՝ նախորդ տարում արձանագրվել է 5,2 տոկոս տնտեսական աճ, թեև կանխատեսված էր 4,5 տոկոս տնտեսական աճ:
«Կանխատեսումներն իրականացնելիս ենթադրվում էր, որ տնտեսական աճը կլինի 2,5 տոկոսից 5 տոկոսի շրջանակում: Համաշխարհային տնտեսության աճը եղել է 3,6 տոկոս, ԵՄ երկրները 2,1 տոկոս տնտեսական աճ են գրանցել, իսկ ԵՏՄ երկրները՝ 2,5 տոկոս»,- ասաց ֆինանսների նախարարը։
Ատոմ Ջանջուղազյանը նշեց՝ իրականացվելու են նոր վարկային ծրագրեր։
«Մենք ընդհանրապես այն տրամաբանությամբ ենք առաջնորդվում, որ պետք է ոչ թե այդ միջոցները օգտագործելով վարկերի տոկոսները մարել, այլ փոխառու միջոցները մեր տնտեսության մեջ այնպիսի աճ ունենանք, որ իրենց տեսակարար կիռով և ազդեցության չափով նվազագույնի հասցվի։ Ձգտելու ենք դրա կառավարելիության աստիճանը բարձրացնել, և որ դա մեզանից մեծ ջանք չպահանջի», - նշեց Ատոմ Ջանջուղազյանը։