00:00:00

«Մենք ամուսին ու զավակ ենք կորցրել…». նոր զարգացումներ Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով

03:20, 19 հունիս 2019 Պատահարներ

1in.am-ը գրում է․ Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվեց Երրորդմասցի Լյովիկի ու նրա երկու ուղեկիցների սպանության գործով վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի մարտի 4-ին, ժամը 13-ն անց 50-ի սահմաններում «Գաստիկ» մականունով Վահան Հակոբյանը, «Տլե» մականունով Սարգիս Հախանումյանը և «Ծգըլ» մականունով Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինաբար պահվող մարտական ակոսափող հրազեն հանդիսացող 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության գնացած Լևոն Ղազարյանի՝ «Երրորդմասցի Լյովիկի», ինչպես նաև Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ, ինչի հետևանքով Մեսրոպ Նազարյանցը տեղում մահացել է, իսկ Լևոն Ղազարյանն ու Դրաստամատ Թադևոսյանը մահացել են Էրեբունի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Երեք ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության ու ապօրինի հրազեն ձեռք բերելու, պահելու, կրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով: Երեք ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել: Հիշեցնենք, որ մեղադրող դատախազները և տուժողների իրավահաջորդները այս գործով պահանջել էին երեք ամբաստանյալներին էլ դատապարտել ցմահ ազատազրկման: Ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպանները՝ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը, պահանջել էին արդարացման դատական ակտ: «Մենք արդարացում ենք պահանջում, այլ դատական ակտ այս գործով ապօրինի է լինելու…»,- առաջին ատյանի դատարանում, դատական վիճաբանությունների փուլում հայտարարել է փաստաբան Լուսինե Սահակյանը: Առաջին ատյանի դատարանը կայացրել է մեղադրական դատավճիռ: Երեք ամբաստանյալներն էլ մեղավոր են ճանաչվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ երեք անձի դիտավորյալ սպանության և ապօրինի զենք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով: Ապօրինի զենք պահելու համար նրանք դատապարտվել են 1-ական տարի ազատազրկման, երեք անձի դիտավորյալ սպանության համար՝ 17-ական տարի ազատազրկման: Վերջին հաշվով՝ երեք ամբաստանյալներն էլ՝ Վահան Հակոբյանը՝ «Գաստիկ» մականունով, Սարգիս Հախանումյանը՝ «Տլե» մականունով, Սարգիս Գրիգորյանը՝ «Ծըգըլ» մականունով, դատապարտվել են 18 տարի ազատազրկման: Երեք ամբաստանյալներից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի՝ կբռնագանձվի 2 միլիոն 108 հազար դրամ՝ որպես դատական ծախսերի՝ կատարված փորձաքննությունների արժեքի հատուցում: Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել դատավարության բոլոր կողմերը: Ամբաստանյալներն ու նրանց շահերի պաշտպանները պահանջել են բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատական ակտ: Գործով մեղադրանքը պաշտպանող դատախազները և տուժողների իրավահաջորդները պահանջել են պատժի մասով՝ խստացման առումով, փոփոխել դատավճիռը, երեք մարդու սպանության համար մեղավոր ճանաչված երեք ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման: Գործը վերաքննիչ դատարանում քննվում է Կ. Մարդանյանի նախագահությամբ: Կազմի դատավորներն են Ա. Մնացականյանն ու Ռ. Մխիթարյանը: Դատական այս նիստում մեղադրանքի կողմի բերած վերաքննիչ բողոքը ներկայացրեց մեղադրող դատախազ Ա. Արամյանը: Դատախազը նշեց, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, նյութական իրավունքի այնպիսի խախտում, որը ծանր հետևանքներ կարող է ունենալ: Խոսքը երեք ամբաստանյալների նկատմամբ ակնհայտ մեղմ պատժի նշանակման մասին է՝ մեղադրանքի կողմը պահանջեց մասնակի՝ պատժի մասով բեկանել դատավճիռը, ամբաստանյալներին դատապարտել ցմահ ազատազրկման: Դատախազն ընդգծեց կատարված արարքի հանրային վտանգավորության «չափազանց բարձր աստիճանը», հանցարարքների բնույթն ու կատարման եղանակը: Մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանը, ըստ մեղադրողի, հաշվի չի առել այս հանցագործության կատարման առանձնահատկությունները, այն, որ առանձնապես ծանր հանցագործությունը ամենայն մանրամասնությամբ նախապատրաստվել է, իսկ նախապատրաստական գործողությունները եղել են քողարկված: Հանցավոր ոտնձգություն է կատարվել հանրային կարևոր հարաբերությունների դեմ՝ հատուկ պահպանվող տարածքում՝ քրեակատարողական հիմնարկի ավտոկայանատեղիում: Հանդուգն, հանրության համար առավել վտանգավոր եղանակով կյանքից ապօրինի զրկվել են երեք անձ, վտանգի տակ է դրվել բանուկ հատվածում գտնվողների կյանքն ու առողջությունը: Մեղադրողը նշեց, որ առաջին ատյանի դատարանը մեղմ պատիժներ է նշանակել նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու մեղադրանքով՝ հաշվի չառնելով, որ առավել մեծ վտանգի աղբյուր հանդիսացող զենքերը ձեռք են բերվել կոնկրետ սպանությունների նպատակով, պահվել են տևական ժամանակ ու գործի են դրվել՝ հանցավոր նպատակն իրագործելու համար: Ըստ մեղադրողի՝ առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժները՝ 18 տարի ազատազրկումը, կատարված արարքներին անհամաչափ են, չեն բխում պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից, չեն հանգեցնում պատժի նպատակների իրագործմանը: Մեղադրողը, մասնավորապես, կանգ առավ առաջին ատյանի դատարանի կողմից որպես ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք հաշվի առնված՝ կամովին իրավապահ մարմիններին ներկայանալու հանգամանքի վրա: Ըստ մեղադրողի՝ առաջին ատյանի դատարանը օբյեկտիվ ու բազմակողմանի ստուգման չի ենթարկել այդ հանգամանքը ու պատշաճ գնահատման չի արժանացրել: Ըստ գործի տվյալների՝ առանձնապես ծանր հանցանքի կատարումից հետո երեք ենթադրյալ կատարողները ոտքով փախուստի են դիմել դեպքի վայրից՝ այնտեղ թողնելով հրազենները, մեքենան: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Մեղադրողի կարծիքով՝ քանի որ հիշյալ երեք անձը չէին հասցրել հանրապետության սահմաններից դուրս գալ ու թաքնվել, այլ ելք չունենալով՝ ներկայացել են իրավապահներին. «Նրանց ներկայանալը պայմանավորված է եղել իրավապահների կողմից հայտնաբերվելու անխուսափելիությամբ: Եվ այդ ներկայանալը չի կարող դիտվել որպես ամբաստանյալների պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք»,- ասաց մեղադրող Ա. Արամյանը: Դատարանը մեղադրողին հարցրեց՝ նրանց կամովին ներկայանալը դրական վարքագծի մասին չի՞ վկայում: Մեղադրողն ընդունեց՝ դրական վարքագծի մասին վկայում է, բայց մյուս ապացույցների համակցության մեջ դա չի կարող պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտվել: Դատարանը մեղադրողին հարցրեց նաև իրավապահների կողմից հայտնաբերվելու «անխուսափելիության» մասին՝ պրակտիկայում չի՞ պատահում, որ հանցավոր արարք կատարածներն ու հետախուզման մեջ գտնվողները չեն հայտնաբերվում: Մեղադրողն ասաց, թե հենց դատական պրակտիկան ուսումնասիրելը և հաշվի առնելն են հիմք հանդիսացել մեղադրանքի կողմի դիրքորոշման համար՝ նման հնչեղ հանցագործությունից հետո, եթե կատարողները չէին հասցրել հատել հանրապետության սահմանն, ու արդեն հայտարարվել էր հետախուզում, որոնողական աշխատանքներն ընթանում էին, զարտուղի ճանապարհով հանրապետությունից հեռանալը կամ հանրապետության տարածքում թաքնվելով չհայտնաբերվելը պրակտիկապես անհնար էր… Մեղադրող Ա. Արամյանն ամբողջությամբ պնդեց բերված վերաքննիչ բողոքը՝ մասնակի՝ պատժի մասով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, երեք ամբաստանյալներին վերջին հաշվով դատապարտել ցմահ ազատազրկման: Դատական այս նիստին պատշաճ ծանուցված էին, բայց չէին ներկայացել տուժողների իրավահաջորդները: Եթե նախորդ նիստում Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի իրավահաջորդը՝ նրա հայրը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրել էին իրենց վերաքննիչ բողոքը, ապա մյուս երկու տուժողների՝ Դրաստամատ Թադևոսյանի ու Մեսրոպ Նազարյանցի իրավահաջորդների վերաքննիչ բողոքը մնում էր չներկայացված: Բողոքը ներկայացրեց նախագահող դատավոր Կ. Մարդանյանը: Բողոքաբերները նշել էին՝ ի դեմս ամբաստանյալների՝ գործ ունենք ծայրահեղ վտանգավոր անձանց հետ: Տուժող կողմը, ըստ բողոքաբերների, խոր հիասթափություն է ապրել՝ լսելով առաջին ատյանի դատարանում հրապարակված դատավճռի եզրափակիչ մասը այն առումով, որ առանձնապես ծանր հանցագործություն կատարած, երեք մարդու սպանած անձինք ցմահ չէին ազատազրկվել, և արդարադատությունը չէր կայացել: Իրենք սպասել են ամբողջական դատավճիռը ստանալուն, որպեսզի տեսնեն՝ դատարանն ինչպե՞ս է պատճառաբանել ակնհայտ մեղմ պատիժ նշանակելը: Բայց հիասթափությունն ավելացել է, երբ դատավճիռը ստանալով՝ համոզվել են, որ դատարանը բոլորովին չի պատճառաբանել մեղմ պատիժի նշանակումը: «Մենք ամուսին ու զավակ ենք կորցրել, նրանց դիտավորյալ ու պլանավորված՝ կյանքից զրկել են ու գոնե ձևական չեն զղջացել իրենց կատարածի համար… 18 տարի հետո կամ հնարավոր է՝ ավելի շուտ, նրանք կհայտնվեն ազատության մեջ… Տուժողների իրավահաջորդների վիճակի մեջ մտեք, մենք մեր հարազատներին կորցրել ենք ընդմիշտ… Դատարանը գոնե օրենքով նախատեսված առավել ծանր պատիժը՝ 20 տարի ազատազրկումը չի նշանակել, անհասկանալի պատճառներով ավելի է մեղմացրել ու18 տարի ազատազրկում է սահմանել… Դատարանը ինչ-ինչ պատճառներից ելնելով և օրենքի խախտումով է նշանակել այդքան մեղմ պատիժ…»: Տուժողների իրավահաջորդների պահանջն էր՝ ցմահ ազատազրկում կամ նշանակվածից առավել երկարաժամկետ ազատազրկում՝ երեք ամբաստանյալների համար… Վերաքննիչ քրեական դատարանը ունկնդրեց նաև մեղադրանքի կողմի առարկությունները պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոք դեմ: Մեղադրող Ա. Արամյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանում մանրամասն քննության առարկա են դարձել պաշտպանական կողմի միջնորդությունները և մերժվել են անհիմն լինելու պատճառաբանությամբ: Այսինքն, ըստ մեղադրողի, փաստվել է պաշտպանական կողմի մատնանշած հանգամանքների անհիմն լինելը: Մեղադրողը հիշատակեց, որ, մասնավորապես, քննչական գործողություններին ընթերակաների մասնակցությունը հաստատվել է առաջին ատյանի դատարանում՝ ընթերակաները հարցաքննվել են, չեն վիճարկել կազմված արձանագրությունները: Միգուցե ինչ-ինչ մանրամասներ նրանք չեն հիշել, բայց իրենց մասնակցությունը կոնկրետ գործողություններին չեն վիճարկել: Նրանք պատշաճ կերպով են հրավիրվել, մասնակցել քննչական գործողություններին, ապա ստորագրել են արձանագրությունը: Այն ընթերակայի հետ կապված, ում հայտնաբերել չհաջողվեց, մեղադրողն ասաց, թե պարզվել է՝ նա բացակայում է ՀՀ-ից: Նրա ծննդյան տարեթվի մեջ մեկ թիվը սխալ է եղել՝ դա, ըստ մեղադրողի վրիպակ կամ սխալմունք է, իսկ հասցեի անճշտությունը կապված այն հանգամանքի հետ, որ արձանագրության մեջ նշվել է նույն բնակավայրի հին հասցեն: Այս ընթերակայի հարևանը, ըստ մեղադրողի, իր հարցաքննության ժամանակ հաստատել է, որ երկուսով են մասնակցել քննչական գործողությանը՝ ինքն ու հարևանը… Մեղադրողն անդրադարձավ պաշտպանական կողմի վիճարկած տեսագրություններին, նշեց, որ տեսագրությունները մյուս ապացույցների համակցությամբ հաստատում են, որ կոնկրետ ամբաստանյալներն են դեպքի վայրից տաքսիներ փոխելով հասել Ավանի «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ: Տաքսու վարորդները, դեպքի վայրի հարևանությամբ գտնվող ավտոտեխսպասարկման կայանի աշխատողները, Ավանում գտնվող տաքսի ծառայության աշխատողները նկարագրել են տվյալ երեք անձին՝ նրանց հագուստները, արտաքինը, նրանց ճանաչել են լուսանկարով: Սպանությունները նախապատրաստելու ընթացքում առանձնատուն վարձակալելու հետ կապված հանգամանքները ևս, ըստ մեղադրողի, լրացնում են մեղադրանքի կողմի ապացույցները. «Ձեռք բերված ապացույցների համակցությունը ավելի քան բավարար է տվյալ անձանց մեղավորությունը հաստատված համարելու համար, պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման»,- ասաց մեղադրող Ա. Արամյանը: Դատարանը մեղադրողին հարցեր ուղղեց ընթերակաների, հանցանք գործած անձանց կողմից օգտագործված մեքենայի ոչ պատշաճ պահպանման, գենետիկական նմուշներ վերցնելու հետ կապված: Դատարանը մեղադրողին հարց տվեց պաշտպանական կողմի այն պնդման կապակցությամբ, թե Սարգիս Գրիգորյանի՝ Ծգըլի վերաբերյալ գործում ընդհանրապես ոչ մի ապացույց չկա: Մեղադրողը պատասխանեց, թե Սարգիս Գրիգորյանի մեղավորությունը ևս ապացուցված է ապացույցների համակցությամբ: Սարգիս Գրիգորյանը մեծ ցանկություն ուներ խոսելու դատախազի արտահայտած մտքերի ու իր անմեղության վերաբերյալ, բայց դատարանը նրան հորդորեց ասելիքը հիշել ու ելույթ ունենալ հաջորդ նիստին, քանի որ այս նիստը հետաձգվում էր: «Հաջորդ նիստին ինձ համար մի 20 րոպե կհատկացնեք»,- պահանջեց Սարգիս Գրիգորյանը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր