Այսօր՝ հունիսի 4-ին, ավտոմեքենայի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Պռոշյան գյուղում Երևանի բնակիչ 59-ամյա Նարինե Հ․-ն իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայով բախվել է հեծանվորդի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հեծանվորդը, ով ըստ դեպքի վայրում հավաքվածների, եղել է անչափահաս՝ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Քեֆոյանը և Կամո Մկրտչյանը։
Դեպքի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է հեծանվորդի ինքնությունը։