«Վերածնունդ» նորակառույց թաղամասը՝ որպես մեկուսացված կղզյակ. 3000 բնակիչ ունեցող տարածքն արդեն երկու տարի է բնակեցված է, բայց շարունակում է անտեսված մնալ պատկան մարմինների կողմից։
Լինելով օրինապահ հարկատուներ՝ բնակիչներն անընդհատ դիմում են տարբեր կառույցների՝ անվտանգության, կանաչապատման ու սպասարկման խնդրով, սակայն հարցերը լուծում են սեփական միջոցներով:
Պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանը կառուցապատողին է հանձնել շահագործման վերջնական ակտը՝ աչք փակելով լրջագույն բացերի վրա։ 1-6 շենքերի ավտոկայանատեղիներն անձրևներից հետո հեղեղվում են ջրահեռացման բացակայության պատճառով, իսկ օդափոխության ու հակահրդեհային համակարգերն ընդհանրապես չեն գործում։
Թաղապետի ամիսներ առաջ տված խոստումները՝ լուսավորության, նստարանների, տրանսպորտի ու կանգառների վերաբերյալ, այդպես էլ թղթի վրա են մնացել։ Ճանապարհները կահավորված ու գծանշված չեն, ինչը ամենօրյա անհարմարություն է առաջացնում բնակիչների համար:
Ինչպե՞ս պետք է լուծվեն պետական տարբեր կառույցների պարտավորություն համարվող այս խնդիրները՝ բնակիչները չգիտեն, անորոշության մեջ են: