Հայաստանի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի J խմբում անցկացրեց իր երրորդ հանդիպումը:
Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին հանդիպեց Լիխտենշտեյնի հավաքականին: Արմեն Գյուլբուդաղյանցը կարողացել էր լավ պատրաստել մեր հավաքականին: Հայաստանի ընտրանին վստահ հաղթանակի հասավ 3-0 հաշվով:
Հաշիվը շատ արագ բացվեց:
Արդեն 2-րդ րոպեին Վարազդատ Հարոյանի հիանալի փոխանցումից հետո Գևորգ Ղազարյանը բացեց հաշիվը: Գրոհների տեղատարափը շարունակվեց ու կարողացանք ևս մեկ գոլ խփել:
18-րդ րոպեին գեղեցիկ գրոհից հետո Ղազարյանը հարված կատարեց, որը հետ մղեց դարպասապահը, վրա հասած Ալեքսանդր Կարապետյանը կարողացավ գոլով ավարտին հասցնել թիմակիցների սկսած գրոհը:
Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ ունեինք առավելություն ու խաղավերջում հաշիվը դարձավ խոշոր: Գոլի հեղինակ դարձավ Տիգրան Բարսեղյանը՝ 3-0:
Խաղավերջում հետաքրիքր դրվագ տեղի ունեցավ: Դաշտ ներխուժեց երկրպագու, որին փորձեցին դուրս բերել անվտանգության աշխատակիցները, այնուհետև մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը միջամտեց և լուսանկարվեց երկրպագուի հետ:
Հավելենք, որ Հայաստանի ընտրանին վաստակում է առաջին 3 միավորը: Մեր ազգային թիմը պարտվել էր տանը Ֆինլանդիային և դրսում՝ Բոսնիա և Հերցեգովինային: J խմբում այս պահին Հայստանի հավաքականը 5-րդ տեղում է: